Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանի հաջողության գաղտնիքը կապված է սառնասրտության հետ

4 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանի հաջողության գաղտնիքը կապված է սառնասրտության հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Դոնբաս արենա»-ում հանդիպում է ունեցել լրագրողների հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մխիթարյանի` լրագրողներին տված հարցազրույցը` կրճատումներով:

-Հենրիխ, ոմանց համար անսպասելի էր քո հրաշալի մեկնարկը առաջնությունում: Հիշելով անցած խաղաշրջանը, երբ դու նույնպես լավ հնարավորություններ ունեիր, սակայն չէր ստացվում, կարծո՞ւմ էիր, որ այս մրցաշրջանում քանակը կգերազանցի որակը:

-Միշտ մտածում էի, թե ինչու չի ստացվում գոլ խփել: Աշխատում էի այդ ամենի վրա եւ վերջապես գտա պատասխանը: Սակայն այս ամենը դեռ վերջը չէ: Անելու եմ ամեն ինչ` ավելի շատ գոլերի հեղինակ դառնալու` միեւնույն ժամանակ ավելի շատ օգնելով թիմին:

-Ամեն դեպքում` ի՞նչն էր քեզ պակասում:

-Կարծում եմ` ինչ-որ բան չէր ստացվում եզրափակիչ պահին, եւ ինձ պակասում էր սառնասրտությունը: Հիմա ես ավելի հանդարտ եմ վերաբերում այդ ամենին: Կարծես թե դեռ ստացվում է:

-Հենրիխ, «Կարպատներ»-ի դեմ խաղում դու խփածդ գոլը տոնեցիր` Դարիոյի հետ ինչ-որ բան պարելով:

-Դա ավանդական խորվաթական պար էր (ծիծաղում է):

-Դա ավանդույթի կվերածվի:

-Ոչ, պարզապես մարզումների ժամանակ մենք Դարիոյի հետ այդ կերպ կատակում էինք: Հետո պարզապես այն փորձեցինք նաեւ մարզադաշտում: Ահա եւ ամբողջը:

-Հենրիխ, գուցե սովորեցնեք նաեւ հայկական ավանդական պարերի՞ց էլ:

-Կփորձեմ ինչ-որ ուրիշ անգամ սովորեցնել:

-Նպատակ ունե՞ք պայքարելու լավագույն ռմբարկուի տիտղոսի համար:

-Ես իմ առջեւ դրել եմ մեկ նպատակ` առաջին հերթին օգնել թիմին, այնուհետ մտածում եմ երկրորդական մրցանակների մասին: Եւ ինձ, եւ «Շախտյոր»-ի համար շատ հաճելի կլինի, եթե ես արժանանամ այդ տիտղոսին, բայց կարեւորն այն է, որ թիմն այս տարի եւս նվաճի Ուկրաինայի չեմպիոնի կոչումը եւ արժանապատվորեն հանդես գա «Չեմպիոնների լիգա»-ում:

-Արդյո՞ք կարդում ես, թե ինչ են գրում քո մասին պարբերականները եւ համացանցում: Մասնավորապես, այսօր «Սովետսկի Սպորտ»-ը հարցազրույց էր ունեցել Յուրա Մովսիսյանի հետ, ով շատ ջերմ խոսքեր էր գրել քո մասին:

-Այո, մենք ընկերներ ենք, ես շատ ուրախ եմ նրա համար: Ուրախ կլինեմ նաեւ, եթե նա կարողանա հանդես գալ Գրանդ ակումբում, քանի որ արժանի է դրան: Փորձում եմ ավելի շատ կարդալ ոչ թե իմ մասին, այլ ուրիշների, հատկապես տեղեկանալ ֆուտբոլային անցուդարձի մասին:

-Այսօր կկայանա «Չեմպիոնների լիգա»-ի վիճակահանությունը, ո՞ր թիմի հետ կցանկանայիր հայտնվել նույն խմբում:

-Ինձ համար միեւնույն է: Միեւնույնն է` կխաղանք ինչ-որ մեկի հետ: Պետք է միայն իմանալ մրցակիցներին, լավ ուսումնասիրել նրանց խաղը, հասկանալ, թե ինչպես են խաղում եւ աշխատել դրանց վրա:

-Սովորաբար «Դինամո»-ի դեմ խաղն ավելի նյարդային ընթացք է ստանում: Ի՞նչ ես կարծում` ինչպես կարելի է խուսափելի նմանատիպ իրավիճակներից:

-Այդ տեսակի խաղերը միշտ էլ շատ էմոցիոնալ են ստացվում: Սակայն մենք կփորձենք անել հնարավորը, որպեսզի այդ ամենը չանդրադառնա մեր խաղի վրա: Բոլորն էլ գիտեն, որ դերբիները միշտ էլ ավելի լարված են լինում, ինչպես, օրինակ, երեկ կայացած «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը: Պետք է հանդարտ դուրս գալ մարզադաշտ եւ չմտածել, որ պատերազմ է լինելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում