Ռամիլ Սաֆարովի Ադրբեջանին հանձնումն անընդունելի է. Նազելի Վարդանյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված ոճրագործությունը հայ սպա Գուրգեն Մարգարյանի նկատմամբ Բաքվի պետական պատվերն էր: Օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը, խոսելով այդ մասին, տեղեկացրեց, որ Ադրբեջանն ամբողջ դատական գործի ընթացքում անմիջական մասնակցություն է ունեցել:«Նիստերին մասնակցում էին Բուդապեշտում նորաբաց ադրբեջանական դեսպանատան, թուրքական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները, որոնք շահագրգիռ էին եւ ամեն բան անում էին, որ Սաֆարովը լիովին ազատվեր պատժից կամ ստանար ավելի մեղմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի ՄԻՊ Սուլեյմանովան ասում էր, թե Սաֆարովը «երիտասարդության» լավագույն օրինակ է, Ալիեւը նշում, թե հայերին պետք է սպանել Արցախում, եւ այս ամենը ապացուցում են, որ Ադրբեջանն ու նրա հասարակությունը հերոսացնում են մարդասպանին: Ութ տարի է անցել այդ դեպքից, եւ փաստաբանն ավելի է համոզվում, որ Սաֆարովի արարքը պետական պատվեր էր:

Խոսելով Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու շրջանառվող լուրերի մասին` Վարդանյանը նշեց, որ խոսքը չի գնում էքստրադիցիայի մասին, քանի որ էքստրադիցիայի են ենթարկվում հետախուզման մեջ գտնվող անձինք:

«Խոսքը վերաբերում է 1983 թ.-ին Ստրասբուրգում ընդունված «Դատապարտված անձանց փոխանցման» վերաբերյալ կոնվենցիային, որը հնարավորություն է տալիս դատապարտված անձանց փոխանցել մեկ այլ պետության: Եթե երկիրը դատապարտված անձին հանձնում է մեկ այլ պետության, ապա հանձնող երկրի տարածքում դադարեցվում է դատավճռի իրականացումը, եւ դատապարտյալի ազատ արձակվելու հարցը ամբողջովին փոխանցվում է ընդունող երկրին»,-ընդգծեց փաստաբանը: Նրա պնդմամբ` անընդունելի է հայրենիքում ազգային հերոսի մակարդակի բարձրացված ոճրագործի հանձնումը Ադրբեջանին: Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն պայքարը եւ թույլ չտան Սաֆարովին հանձնել Ադրբեջանին, քանի որ այնտեղ նա իր պատժից կազատվի. անգամ Սաֆարովի փաստաբանը հայտարարում է, որ Ադրբեջանում հայ սպանելը հանցագործություն չէ:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ Ադրբեջանում որեւէ մակարդակով երբեք չի ընդունվել, որ Սաֆարովի գործածը հանցագործություն է: Այս ոճրի պատասխանատուն նաեւ Ադրբեջանն է:«Դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն` Ադրբեջանը Սաֆարովին փոխանցելու խնդրանքով պաշտոնապես դիմել է հունգարական կողմին, թե` ոչ: ՀՀ պետական կառույցները պետք է դիմեն հունգարական կողմին` պարզելու, նմանատիպ գործընթաց մեկնարկել է, թե` ոչ: Մոտ 8 տասնյակ հասարակական կազմակերպություններ միացել են ստորագրահավաքին` պահանջելով բացառել Հունգարիայից Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան»,-տեղեկացրեց Ալավերդյանը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:

Հայերեն English

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել