Սփյուռք

Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Հալեպից ժամանած սիրիահայ երեխաների ժամանցին

2 րոպեի ընթերցում

Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Հալեպից ժամանած սիրիահայ երեխաների ժամանցին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 15-ին այցելել է Հանքավանի «Հասմիկ» ճամբար` հանդիպելու իրենց ամառային հանգիստը Հայրենիքում անցկացնող` Հալեպից ժամանած սիրիահայ շուրջ 150 պատանիների ու աղջիկների հետ: Ճամբար էին այցելել նաեւ օրեր առաջ Դամասկոսից ժամանած եւ Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող 120 սիրիահայ երեխաները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանը` իր կնոջ Աննա Հովնանյանի հետ, Սիրիայի հայկական համայնքներում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Լենա Հալաջյանը, արվեստի գործիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով երիտասարդներին, վստահեցրել է, որ ճամբարում նրանց սպասում են անմոռաց եւ հետաքրքիր օրեր եւ «վերադառնալով Սիրիա` իրենց հետ կտանեն Հայրենիքի շունչը, մայր հողի ուժը եւ ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից»:

«Չնայած մենք բոլորս ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, մեր տունը, Հայրենիքը Հայաստանն է, որտեղ սիրով ու ջերմությամբ միշտ պատրաստ են ձեզ ընդունելու»,-ընդգծել է նախարարը:

Սիրիահայ երեխաներն ասմունքել են, երգել եւ պարել հայկական մեղեդիների ներքո: Հանդիպման ընթացքում նախարար Հակոբյանը եւ հյուրերը շրջել են ճամբարում, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, ծանոթացել նրանց ապրելակերպի եւ հանգստի պայմաններին, եղել երեխաների համար նախատեսված սենյակներում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում