Մրցավարները հրապարակային ներողություն են խնդրել «Գանձասար»-ից եւ նրա երկրպագուներից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի«Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ` օգոստոսի 9-ին, մրցավարների թույլ տված սխալն ազդել է խաղի ելքի վրա եւ, բնականաբար, առաջացրել «Գանձասարի» եւ նրա երկրպագուների դժգոհությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հանդիպումը սպասարկած մրցավար Սուրեն Բալիյանը եւ մրցավարի օգնական Արմեն Կոստանյանը հրապարակավ դիմել են «Գանձասար»-ին եւ նրա երկրպագուներին: «Լինելով «Փյունիկ»-«Գանձասար» խաղի մրցավար` խոր ափսոսանք եմ ապրում խաղի 67-րդ րոպեին «Գանձասարի» դարպասը խաղից դուրս վիճակից խփած գոլի համար: Նշեմ, որ իմ օգնականը մինչ այդ մի քանի բարդ դրվագներում անթերի էր կատարել իր պարտականությունները և ես, չնայած կասկածանքիս, չմիջամտեցի այդ իրավիճակի նկատմամբ նրա կողմից կայացրած որոշմանը:
Քանի որ հանդիսանում եմ «Փյունիկ»-«Գանձասար» խաղը սպասարկող մրցավարական թիմի ղեկավարն ու պատասխանատուն, ուստի այդ սխալի համար հայցում եմ «Գանձասար» ակումբի ղեկավարների, անդամների, ֆուտբոլիստների, երկրպագուների ներողամտությունը»,-նշել է Բալիյանն իր բաց նամակում: