ԲՀԿ-ն նախագահի ընտրություններում իր մասնակցության մասին կհայտարարի աշնանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 07 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախընտրական աշունը լինելու է ակտիվ եւ բուռն, ինչը պայմանավորված է առաջիկա նախագահական ընտրություններով: Անդրադառնալով քաղաքական զարգացումներին`«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:«Ակնհայտ է, որ նախագահի թեկնածու ունեցող քաղաքական ուժերը պետք է հստակ կողմնորոշվեն, իրենց մոտեցումները հայտնեն, եւ այս առումով չեմ բացառում, որ կլինեն քաղաքական անսպասելի անակնկալներ: Նախագահական ընտրությունների վերաբերյալ մեր կուսակցությունում քննարկումներ դեռ չեն եղել: Բաց, թափանցիկ, հիմնավորված որոշումն աշնանն ընդունվելուց հետո անմիջապես կհրապարակվի»,-նշեց Զոհրաբյանը: Խոսելով նախագահի թեկնածուների անհայտ անունների մասին` նա նկատեց, որ օրենքը հստակ չափորոշիչներ է սահմանում, թե ով կարող է առաջադրվել, եւ տվյալն մարդն այդ իրավունքով առաջադրում է իր թեկնածությունը: «Ամեն դեպքում, ես` ինքս, չեմ հասկանում այն գործիչներին, ովքեր առաջադրվում են` ի սկզբանե իմանալով, որ հանրային վստահություն եւ ճանաչելիություն չունեն, բայց միգուցե իրենք իրենց հաշվարկներն ունեն, մարտավարությունն ու գործիքները, որոնք քաղաքականություն տանող ճանապարհն են»,-ընդգծեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Զոհրաբյանը կարեւորում է նաեւ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակությունը, որտեղ, նրա կարծիքով, ծանրակշիռ հանրային վստահություն ունեցող քաղաքական ուժը պետք է լրջագույնս ներկայացված լինի նաեւ ՏԻՄ մակարդակում: «Մոտ 500 համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, եւ դրանց գերակշիռ մասում` մեծ ու փոքր քաղաքներում, գյուղական վայրերում, ԲՀԿ-ն ունենալու է իր թեկնածուները եւ ակտիվորեն բարձրաձայնելու է այն խնդիրները, որոնք կան մարզերում, գյուղական վայրերում: Այն ուժը, որը ներկայացված չէ այս ընտրություններում, քաղաքական կշռի առումով կարող է տուժել»,-նշեց Զոհրաբյանը:

Օգոստոսին եւ սեպտեմբերին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կանցկացվեն հանրապետության ավելի քան մեկ տասնյակ խոշոր քաղաքներում: Իսկ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013 թվականի փետրվարին:

Հայերեն Русский