ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգարվեստում, ինչպես եւ կյանքում հաճախ բոլորից տարբերվող, վառ եւ համարձակ կերպարները միանշանակ չեն ընկալվում: Աճում է նրանց հանդեպ հասարակության հետաքրքրությունը` երբեմն փոխակերպվելով անհանդուրժող քննադատության: Հայկական էստրադայի «ամենաքննարկվող» երգչուհիներից մեկը` Անի Թովմասյանը կամ նույն ինքը Շպռօտը շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից էր, ով իր ստեղծագործական գործունեության հենց սկզբից եւեթ քննադատության պակաս չզգաց, մինչ այն պահը, երբ նրա էպոտաժային կերպարի կողքի «նժարին» հավասարապես դրվեցին ձայնային բնատուր տվյալները:ԱՄՆ-ում բնակվող երգչուհին իր ներկա գործունեության եւ այլ մանրամասների մասին խոսել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում:
- Ձեր ԱՄՆ մեկնելու դրդապատճառի մասին տարբեր կարծիքներ են շրջանառվել, ո՞րն էր Հայաստանից հեռանալու իրական պատճառը:
-ԱՄՆ մեկնելու եւ այնտեղ մնալու դրդապատճառը մեկը չէր, կար հոգեւոր պատճառ, երբ փորձում ես փախչել իրականությունից` կարծելով, որ խաղաղությունն այնտեղ է, հեռվում: Իսկապես կային մի շարք խանգարող հանգամանքներ, որոնք պատճառ հանդիսացան իմ մեկնելու համար:
-Ի՞նչ ստեղծագործական գործունեություն եք այժմ ծավալում:
-Եթե դա կարող եմ համարել ստեղծագործական գործունեություն (ժպտում է), ապա այժմ աշխատում եմ հայկական ռեստորանում` որպես երգչուհի: Առաջիկայում «Արմենիա TV»-ի հետ համատեղ պատրաստում ենք մի ռեալիթի շոու ԱՄՆ-ում անցկացրած իմ կյանքի մասին. այն կոչվում է «Շպռօտը Հրեշտակների քաղաքում»: Նախագիծն ընթացքի մեջ է, դեռեւս հստակեցված չեն այն եթեր հեռարձակվելու ժամկետները:
-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեզ դուր է գալիս ամերիկացիների անտարբերությունը, քանի որ իրենց քիթը չեն«խոթում» ուրիշի անձնական կյանքի մեջ: Մի՞թե լինելով հայկական երգարվեստի ամենասկանդալային ներկայացուցիչներից մեկը հասարակության այսպես ասած «չանտարբերությունը» Ձեզ դուր չէր գալիս:
-Ամերիկացիների մեծամասնությունն անտարբեր է ամեն ինչ նկատմամբ, բացի շոու բիզնեսից: Նրանց մեծամասնությունը ինձ չէր ճանաչում, Երեւանում հոգնել էի այն մեծ ուշադրությունից ու բացասական արձագանքներից, որ զգում էի իմ անձի հանդեպ, սակայն այստեղի անտարբերությունը ծայրահեղ է:
-Ե՞րբ եք ծրագրում վերադառնալ Հայաստան:
-Ես ընդհանրապես ոչ մի լուրջ որոշում իմ կյանքում չեմ ծրագրում, որոշումներն իրենք իրենց` սպոնտան են ստացվում: Շատ է լինում, որ հաստատակամ ցանկություն է առաջանում տոմսեր գնելու եւ կրկին փախչելու: Իրականում շատ եմ կարոտել Երեւանը, ընտանիքիս, ընկերներիս, այնտեղի իմ խենթ ու զբաղված կյանքը: ԱՄՆ-ում ես շատ միայնակ եմ: Մի օր անպայման կվերադառնամ..
-Համարձակ, էպոտաժային բեմական կերպարները միանշանակ չեն ընկալվում հասարակության կողմից, ոմանք այդ երեւույթը վերագրում են PR-ի: Ձե՞ր դեպքում կար PR-ի գործոն:
-PR –ը շատ կարեւոր գործոն է արտիստի համար, բեմական անունս Շպռօտ է, շիկահեր եմ, որովայնիս հատվածում ունեմ տատու, երգիս ասելիքը հաճախ տարբեր է` ընդհուպ սեքսին եմանդրադառնում եմ, երբեմն ունենում եմ «վուլգար կեցվածք»: Դրան գումարած, եթե մի փոքր տաղանդ էլ ունենաս, ուրեմն կարող ես համարել, որ շահել ես:
-Մի առիթով ասել եք, որ հայկական շոու բիզնեսը Ձեզ դուրս չի մղել, չնայած նրան, որ անարդարությունների շատ եք հանդիպել: Ո՞րն էր այդ անարդարությունների դեմ պայքարելու Ձեր մոտեցումը:
-Հայկական շոու բիզնեսն իմ հանդեպ միշտ լավ է տրամադրված եղել: Այսինքն` երգարվեստի ներկայացուցիչների հետ երբեք մեծ խնդիրներ չեմ ունցել: Անարդարություններ միշտ էլ եղել են: Պարզ օրինակ բերեմ` հաճախ տարբեր հայրենասիրական միջոցառումների ինձ չէին հրավիրում մասնակցելու` կարծելով, թե անլուրջ եմ: Չնայած այն հանգամանքի, որ շատերից լավ կարող եմ երգել յուրաքանչյուր հայրենասիրական երգ, ինչեւէ..
-Երբեւէ կհրաժարվե՞ք Ձեր բեմական անունից, այն չի խանգարե՞լ Ձեզ որպես երգչուհի կայացման գործում:
-Բեմական անունս ինձ շատ է օգնել որպես էպոտաժային երգչուհի կայացման գործում, սակայն խանգարել է բազմաթիվ այլ հարցերում: Առաջին հերթին դա հասարակության անլուրջ վերաբերմունքն էր, թե իմ բեմական կերպարի, թե կյանքում` անձիս նկատմամբ: Միեւնույն ժամանակ չեմ կարող հերքել երկրպագուներիս մեծ բանակի գոյության փաստը:
-Ինչպիսի՞ն կլինի այն Շպռօտը, որը կվերադառնա հայկական բեմ, ի՞նչ երաժշտական ոճի ստեղծագործություններ կկատարի:
-Այստեղ նույնպես փորձում եմ երգել գրել, բայց դեռ չի հաջողվում, քանի որ կարծես ասելիք չունեմ ամերիկահայերին: Սիրտս չի երգում նրանց համար, չեմ կատարում իմ երգերը, փոխարենը երգում եմ Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» երգը, Շուշան Պետրոսյանի համանուն ստեղծագործությունը: Երգում եմ նաեւ հայկական հին երգեր: Ֆրանսիայից ժամանած հյուրեր համար ֆրանսիական երգեր եմ կատարում, միայն տեսնեք թե ինչպես են ծափահարում եւ ասում, որ ինձ մոտ լավ է ստացվում: Եթե ինձ տեսնեք այնտեղ, վստահաբար չեք ճանաչի: Շնորհակալ եմ, որ ստիպեցիք նորից Երեւան գալ` թեկուզ մտքերով:
Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի