Մարտին Վարդազարյանի` նավաստիից մինչեւ բռնցքամարտիկ դառնալու երազանքների մասին

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասում են` չկա ավելի զվարճալի բան, քան հետեւել, թե ինչպես են տարիների ընթացքում փոխվում մարդու երազանքներն ու նախասիրությունները: Խոսքը, իհարկե, վերաբերում է մանկական երազանքների եւ, որպես կանոն, դրանց հետ կապ չունեցող ստացած մասնագիտության եւ կրթության հետ: Քչերը գիտեն` այսպիսի «ճակատագիր» է ունեցել նաեւ դաշնակահար, կոմպոզիտոր, Երեւանի պատվավոր քաղաքացի եւ ուղղակի տաղանդավոր մարդ Մարտին Վարդազարյանը, ով փորձել է նավաստիից մինչեւ բռնցքամարտիկ դառնալ, իսկ արդյունքում` ստացվել է լրիվ ուրիշ բան: Մանկական երազանքներից մինչեւ այսօրվա իրականության մասին «Արմենպրես»-ը զրուցեց սիրված կոմպոզիտորի հետ:

-Պարո'ն Վարդազարյան, սկսենք սկզբից: Ի՞նչը ստիպեց, որ ընտրեք այն ուղին, որը մինչ այսօր Ձեր կյանքի ուղեկիցն է:

Ընդհանրապես երաժիշտ դառնում են մեծ մասամբ ոչ սեփական կամքով` առաջնայինը լինում է ծնողների կամքն ու ցանկությունը: Եվ եթե Պագանինիի կամ Բեթհովենի ծնողների հետեւողականությունը չլիներ, ապա նրանք չէին լինի այն, ինչ դարձան: Բայց կա մի կարեւոր հանգամանք. առաջնակարգը երեխայի մեջ պետք է լինի եթե ոչ տաղանդը, ապա գոնե` ընդունակությունները: Ինձ մոտ այնպես ստացվեց, որ երաժշտի ընտանիքում ծնվեցի, եւ դա շատ բան փոխեց: Հայրս շեփորահար էր, ավարտել էր Մոսկվայի պետական կոնսերվատորիան: Տանն ունեինք մեծ քանակությամբ ձայնասկավառակներ եւ այն ժամանակ, երբ դեռ կարդալ չգիտեի, դրանք էի լսում: Մի օր էլ սկսեցի երկու մատով դաշնամուր նվագել ու հայրս մտածեց, որ երեւի թե ես դառնամ երաժիշտ: Բայց ինքը չտեսավ դառնալուս ճանապարհը, քանի որ ավտովթարից մահացավ այն ժամանակ, երբ շատ փոքր էի: Դրանից հետո հասկացա, որ ինձ համար ամենակարեւոր մարդիկ կյանքում բացի ծնողներից, ուսուցիչներն են: Ես միշտ ասում եմ, որ բացի բազմազավակ ծնողներից կան նաեւ բազմածնող զավակներ:

՞նչ մասնագիտության մասին էիք երազում:

Երբ փոքր էի, երազում էի նավաստի դառնալու մասին, բայց տեսողությունս չներեց: Հետո երբ սկսեցի բռնցքամարտով զբաղվել, մտածում էի, որ Վլադիմիր Ենգիբարյանի նվաճումները կկարողանամ շարունակել, սակայն երբ ձախ բութս դուրս ընկավ բաց ձեռնոցով հարվածելուց հետո, մտածեցի, որ դա էլ իմը չէ (ծիծաղում է): Երբ հաղթանակ էի կրում պատանեկան մրցումներում, անհարմար էի զգում, որ ինչ-որ մեկին պարտության մատնեցի: Մարդուն մարդ դառնալու ճանապարհին խանգարում է հաղթողի կոմպլեքսը, նույնիսկ սովորական բակային խաղերի ժամանակ: Չհաջողված բռնցքամարտիկ դառնալուց հետո սկսեցի երաժշտության բնագավառում փորձեր կատարել` սկզբում դեռ հաճույքի համար, հետո սկսեցի այցելել Ստեփան Ջրբաշյանի ստեղծագործական դասարան: Հետո, իհարկե, ծուլությունն իր դերն ունեցավ, եւ ես դադարեցրեցի պարապմունքներս: Ծուլությունն իր դերը խաղաց եւ տեխնիկական մակարդակս չհասցրեցի կատարյալի` չնայած դրան կարելի է միայն ձգտել, բայց հասնել հնարավոր չէ: Ես չդարձա դաշնակահար` չնայած ավարտեցի գերազանց գնահատականով որպես համերգային կատարող, մանկավարժ, դասատու եւ այլն: Կարեւորն այն է, որ երաժշտությունը դարձավ իմ ապրելակերպը: Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինն ավարտելիս իմ գրածներիցկատարեցի փորքիկ ստեղծագործություն , եւ այդտեղից Էդուարդ Միրզոյանն առաջարկեց ընդունվել արդեն Ստեղծագործական բաժին: Հիմա արդեն չեմ պատկերացնում, որ այլ ուղիով կարող էի գնալ:

-Նավաստի չդարձաք, բռնցքամարտիկ կարծես նույնպես: Նախախնամությու՞նն էր պատճառը:

Արդարացման ամենահեշտճանապարհն այն է, երբ ամեն ինչ վերագրում ենք նախախնամությանը կամ ճակատագրին: Եթե հնդկական կրոնական քարոզչության հիմքերի համաձայն` ամեն անգամ մարդ ծնվում է այնպես, ինչպես նախորդ անգամ ապրել է կյանքը, ապա երեւի կցանկանայի ապրել այն կյանքը, որն ապրել եմ:

-Կհիշե՞ք, թե ինչպես եղավ առաջին ծանոթությունը երաժշտության հետ:

Երաժշտության աշխարհն անընդգրկելի հրապուրիչ եւ թմրանյութի ազդեցություն ունեցող մի բնագավառ է; Երբ կյանքում առաջին անգամ լսեցի Մալերի 5-րդ սիմֆոնիայի ադաջիոն, ես լաց եղա: Իսկ 6-րդ սիմֆոնիայի ֆինալի ժամանակ այնպիսի մաքրեցում էի ապրում, եւ հիմա էլ ամեն անգամ լսելիս նույն զգացողությունն է: Մի խոսքով` հետո Շոստակովիչ եւ Պրոկոֆեւ, Արամ Խաչատրյան: Եթե ռուսական գրականության համար ասում են, որ բոլորը դուրս են եկել Գոգոլի «Շինել»-ից, ապա ամբողջ հայ դաշնամուրային երաժշտությունը դուրս է եկել Խաչատրյանի «Տոկատա»-ից, որտեղ կա նյարդ, ռիթմ, կյանք, միտք:

Ես սիրում եմ խոսել երաժշտության մասին եւ եթե զրուցակից չի լինում, որից ես կարող եմ ինչ-որ բան սովորել, ապա կիսվում եմ ինքս ինձ հետ զրուցելով եւ հետաքրքիր եզրակացությունների եմ գալիս:

-100 թատերական պիես, 5 մյուզիքլ, 40 ֆիլմի համար գրված երաժշտություն: Այնուամենայնիվ ո՞րն է Ձերը, ավելի հարազատ, ո՞րի համար եք ավելի սիրով ստեղծագործում:

Երաժշտության մեջ ժանրային բաժանումը զուտ պայմանական է: Ես միաժամանակ աշխատել եմ «Մակբեթ»-ի եւ «Քաջ Նազար»-ի վրա. երկու ծայրահեղություններ` բարձրագույն կարգի ողբերգություն եւ բարձրագույն կարգի կատակերգություն: Նյութի կառուցման միջոցներն են կարեւոր, երբ դրանք սխալ են, ապա ստացվում է «տրեխի եւ ֆրակի» համադրություն կամ մուշտակով, քուրքով լողավազան գնալ` դա էլ ճիշտ չի:

-Հիշենք 1961-63 թ.թ.` «Մոսկվա» կինոթատրոնի նվագախմբի ղեկավարման տարիները: Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրումից առաջ կարճ համերգային ներկայացում էիք տալիս: Ինչքանո՞վ այժմ կա դրա անհրաժեշտությունը:

Ես չեմ կարող բաց թողնել հնարավորությունը եւ չշեշտել, որ առաջին կինոթատրոնում գործող նվագախումբը «Մոսկվա» կինոթատրոնի ջազ նվագախումբն էր, որի ղեկավարը հայրս էր: Կինոթատրոնների նվագախմբերը յուրատեսակ դարբնոց էին ստեղծագործողի համար: Ամեն շաբաթ ծրագիրը փոխվում էր, եւ եթե կար նոր ֆիլմի մեղեդի, ապա դա էլ պետք է անպայմանորեն կատարեինք: Մարդիկ գալիս էին ֆիլմից կես ժամ առաջ նվագախմբին լսելու. առաջին հայացքից դա ժամանց էր, բայց ուներ լուսավորչական դեր ու նշանակություն: Նվագում էինք հայ եւ արտասահամանցի կոմպոզիտորների էստրադային եւ ջազային ստեղծագործություններ: Շատ ափսոս, որ հիմա չկան դրանք: Ես շատ եմ կարեւորում եւ կարոտում:

-Ինչպե՞ս կբնութագրեք երեւանյան ջազային մթնոլորտը:

Հայաստանում ջազը երբեք արգելված չի եղել: Մենք ունենք շատ բարձր մակարդակի կատարողներ, շատ տաղանդավ ջազմեններ, սակայն մտավախություններ ունեմ: Հասարակության վերաբերմունքը սպառողական է դարձել ջազի նկատմամբ, որի արդյունքում ջազի իսկական գնահատողների խումբը մի քիչ պակասել է: Սակայն չի կարելի չնկատել, որ ընդայնվել է սիրողների խումբը:

-Պատիֆոնից մինչեւ մագնիտոֆոն, իսկ այժմ արդեն տեխնիկական զարգացման մի նոր մակարդակ: Ի՞նչ կորցրեցիքն այդ ճանապարհին:

Տեխնիկական զարգացումն իր հետ բերեց ընդհանուր նմանություն: Դրա արդյունքում` էլեկտրոնային երաժշտությունը փոխարինեց կենդանիին. եւ տիրապետումը դարձավ առաջնային, իսկ բովանդակությունը հետ մղվեց: Դա ցավալի, բայց անխուսափելի երեւույթ դարձավ:

-Դուք միշտ առաջարկել եք, որ բոլոր հեռուստաալիքներով որեւէ ժամին նույն հաղորդումը լինի: Ի՞նչ կտա դա մեզ:

Իհարկե, ես այս մասին միշտ կեսլուրջ, կեսկատակ եմ խոսում: Հեռուստաընկերությունների քանակն այնքան է շատացել, որ մի բանը, եթե մարդուն դուր չի գալիս, կամ չի հասկանում` կարող է միանգամից փոխել, եւ նայել բոլորովին այլ` խուտուտի մակարդակի հաղորդում: Դրա համար եթե բոլոր ալիքներով նույն ժամին տրվի դասական երաժշտություն, նա մեկ անգամ կանջատի, երկրորդ անգամ մի քիչ կլսի, իսկ հետո դրա նկատմամբ արդեն հետաքրքրություն կառաջանա: Բոլոր բնագավառների դասականը պետք է ճանաչում ստանա, իսկ դա փոքր հասակից է պետք սերմանել, այլ հարց է, թե ինչ ծիլ կտա:

-Դուք Երեւանի պատվավոր քաղաքացի եք: Սիրու՞մ եք Երեւանը:

Երբ անցնում եմ երեւանյան փողոցներով, նկատում եմ, որ այս մայթն իմն է, իսկ դիմացինը` իմը չէ: Փոփոխությունը զգալի է, եւ դա անդրադառնում է մադկային հարաբերությունների վրա: Երբ փոքր էի, ամեն ինչ այլ էր, բոլորն իրար ճանաչում էին, օգնում: Հիմա ամեն մեկն ապրում է անգլիական թեզով` «իմ տունն իմ ամրոցն է»: Երեւանը չեմ կարող չսիրել, որովհետեւ այստեղ եմ ծնվել ու այստեղ ապրել: Կցանկանայի, որ Երեւանն էլ, ինչպես Վաշինգտոնը, ունենար բարձրության չափ:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ներկայիս գործունեությունը` որպես խմբավար, խորհրդատու:

Շատ ճիշտ քաղաքականություն է վարվում` պահպանել այն ինչ-որ կար, եւ այնպես ինչպես կար: Իհարկե, չենք բացառել նոր մտածելակերպը, նոր գործիքավորումները, նոր մեկնաբանումները: Դասականների կողքին կատարում ենք նաեւ ժամանակակից բարձրակարգ երաժշտություն, սակայն հիմնական նպատակն ունեցածը պահպանելն է: Խնդիր է շարունակում մնալ ստեղծագործողին նյութական խթանով ապահովելը: Նա, ով ունի հնարավորություն, անում է, ով ունի տաղանդ` չի կարող անել: Սա ցավալի երեւույթ է, սակայն ինչ էլ լինի, արվեստը չի կարելի գցել շուկայական հարաբերությունների մեջ: Հուսանք ամեն բան կշտկվի:

-Եվ վերջում խորհրդանշական հարց. դո-ից սիո՞ր նոտաների հետ եք հեշտ «լեզու գտնում»:

Դժվար է ասել, նայած այդ պահին որն է անհրաժեշտ: Սիրված նոտա երեւի թե չկա: Երեւի հնչողությամբ եւ իմաստով դո-ն կառանձնացնեմ` որպես ճանաչման առաջին քայլ:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա