Հասարակական

Հալեպի «ամենաթեժ» կետերում հայեր չեն բնակվում

3 րոպեի ընթերցում

Հալեպի «ամենաթեժ» կետերում հայեր չեն բնակվում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչները հայտարարել են Հալեպ քաղաքի գրավման իրենց մտադրության մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին YouTube-ում զետեղված հայտարարության մեջ նշել է «Սիրիական ազատ բանակի» գնդապետ Աբդել Ջաբար ալ-Օքայդին: Նա միաժամանակ շեշտել է, որ Հալեպում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնություններն իրենց այդ գործողության առնչությամբ անհանգստություններ չպետք է ունենան:

«Հայ թե' ասորի, քուրդ թե' դրուզ` Սիրիական ազատ բանակը բոլորին էլ պաշտպանելու է», - հայտարարել է սիրիացի գնդապետը: Նրա խոսքով` սիրիական ընդդիմությունը պատրաստվում է պաշտպանել նաև Ասադի ցեղակից ալևիներին:

Մինչդեռ ներկայում Հալեպում իրավիճակը դեռևս հանդարտ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը նշեց, որ քաղաքում իրավիճակը դեռևս վերահսկվում է Ասադին հավատարիմ ուժերի կողմից: «Խնդիրներ կան հիմնականում երեք թաղամասերում` Սալահ Էլ-Դին, Ալսախուր և Ալ-Հայդարիա»,- նշեց Էլմաջյանը:

Հալեպը Սիրիայի ամենահայաշատ քաղաքներից է, մինչդեռ նշված թաղամասերն առանձնապես հայաշատ չեն:

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով` Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 17 հազար 192 մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների`զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն`անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում է եղել նաեւ 7 հայ, որոնցից 2-ը` սիրիական բանակի զինծառայողներ: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրել էր, որ հուլիսի 19-ի դրությամբ Հայաստանում փախստականի կարգավիճակով ապաստան ստանալու համար դիմել է 6 ընտանիք` 14 անդամներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում