Եվրոպայի լիգայում «Շիրակ»-ը և «Գանձասար»-ը միևնույն` 0:2 հաշվով պարտություններ կրեցին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի խաղարկության երկրորդ որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչները` Գյումրիի «Շիրակ»-ը և Կապանի «Գանձասար»-ը, մրցակիցների հարկի տակ միևնույն` 0:2 հաշվով պարտություններ կրեցին, համապատասխանաբար, իսրայելական «Բնեյ-Յեհուդա»-ից և շվեյցարական «Սերվետ»-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իսրայելում կայացած խաղում «Շիրակ»-ը գրեթե մինչև խաղավարտ կարողանում էր դիմակայել մրցակցին, սակայն նախ 82-րդ րոպեին, ապա նաև մրցավարի ավելացրած վերջին` 94-րդ րոպեին, «Բնեյ-Յեհուդա»-ն կարողացավ խփել երկու գնդակ: Մինչ այդ կողմերը բավականին հավասար խաղ էին ցուցադրում, և ինչպես հայկական, այնպես էլ իսրայելական ակումբը մի քանի հնարավորություններ ունեին դառնալու գոլի հեղինակ:
Իսկ ահա Շվեյցարիայում կայացած մրցավեճում «Գանձասար»-ի մրցակիցը` «Սերվետ»-ը, խաղային մեծ առավելություն ուներ մեր թիմի նկատմամբ, սակայն ամեն անգամ կապանյան ակումբին իր հրաշալի խաղով փրկում էր երիտասարդ դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով, իսկ երկրորդ խաղակեսի արդեն սկզբում` 48-րդ րոպեին, շվեյցարացիների հարձակվող Կարանովիչը կարողացավ դուրս մնալ պաշտպանների հսկողությունից և բացել հաշիվը: Երկրորդ գնդակը «Սերվետ»-ը խփեց 78-րդ րոպեին` անկյունայինի խաղարկումից հետո Կևին Գիսին դարձավ գոլի հեղինակ: Ընդգծենք, որ դեռևս առաջին կեսի սկզբնամասում շվեյցարացիները չկարողացան 11 մետրանոցից գոլի հեղինակ դառնալ. հարվածը հետ մղեց Բեգլարյանը:
Այսպիսով, պատասխան հանդիպումներից առաջ հայկական երկու ակումբները ցավալի պարտություններ կրեցին: Հաջորդ փուլ դուրս գալու «Շիրակ»-ի և «Գանձասար»-ի հնարավորություները դեռևս չեն սպառվել և սեփական հարկի տակ հուլիսի 26-ին կայանալիք հանդիպումներում մեր թիմերը նպատակասլաց խաղ ցուցադրելու դեպքում կկարողանան կոմպենսացնել մրցակիցների առավելությունները և փորձել հասնել իրենց նպատակին: