«Շիրակ»-ը և «Գանձասար»-ը պատրաստ են դիմակայել«Բնեյ-Յեհուդա»-ին ու «Սերվետ»-ին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 19-ին Գյումրիի «Շիրակ»-ը և Կապանի «Գանձասար»-ը պայքարի կմտնեն Եվրոպայի լիգայի խաղարկության երկրորդ որակավորման փուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հայկական երկու ակումբներն էլ արդեն մեկնել են մրցավայր` «Շիրակ»-ը Թել-Ավիվ, որտեղ հանդիպելու է տեղի «Բնեյ-Յեհուդա»-ին, «Գանձասար»-ը` Ժնև` մրցելու շվեյցարական «Սերվետ»-ի հետ: «Շիրակ»-ը և «Գանձասար»-ը հուլիսի 18-ի երեկոյան իրենց վերջին նախախաղային մարզումները կանցկացնեն:
«Շիրակ»-ի կազմում հանդիպմանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել փորձառու պաշտպան Կարեն Ալեքսանյանը, իսկ մյուս առաջատար խաղացողները պատրաստ են առաջիկա կարևորագույն մրցավեճին:
Կապանյան ակումբի կազմում վնասվածքով ֆուտբոլիստներ չկան:
Բուքմեյքերական գրասենյակները «Շիրակ»-«Բնեյ-Յեհուդա» և «Գանձասար»-«Սերվետ» դիմակայություններում ֆավորիտ են համարում մեր թիմերի մրցակիցներին: Չնայած սրան` հատկապես «Շիրակ»-ի` հաջորդ փուլ դուրս գալն իրատեսական է. իսրայելական ակումբը երկու տարի առաջ Եվրոպայի լիգայի խաղարկությունում միայն նվազագույն հաշվով կարողացավ առավելության հասնել Երևանի «Ուլիս»-ի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ, իսկ դրանից հետո թիմում փոփոխություններ գրեթե չեն կատարվել:
«Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կարծիք էր հայտնել, որ իր թիմը հաջող գործելու դեպքում կկարողանա հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Եվրոպայի լիգայի խաղարկության երրորդ որակավորման փուլ:
Իսկ ահա «Սերվետ»-ի արգելքը հաղթահարելու «Գանձասար»-ի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն: Բոլորը համակարծիք են, որ շվեյցարական ակումբը կարգով ավելի բարձր է Հայաստանի բրոնզե մեդալակրից: Միևնույն ժամանակ կապանյան ակումբի ֆուտբոլիստները տրամադրված են գործել ողջ ուժով` փորձելով դիմակայել «Սերվետ»-ին:
Ամեն դեպքում, հայկական երկու ակումբների ուժերից վեր չէ հաղթահարել իրենց մրցակիցների ստեղծած արգելքները, քանի որ, ինչպես մասնագետներն են նշում, «11-ը խաղալու է 11-ի դեմ»: