Գյումրու եւ Թբիլիսիի թատրոնները համատեղ նախագիծ են իրականացնում
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի եւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոններն իրականացնում են համատեղ նախագիծ՝ «Այ քեզ խաթաբալա կամ փողի զորութինը» ներկայացումը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող նախագիծը բեմադրվելու էերկու թատրոնների դերասանների մասնակցությամբ: Ներկայացման բեմադրող ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատարյունն է: Այն Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» եւ «Բաղնիսի բողչա» պիեսների համադրությունն է: Հատկանշական է, որ երկու թատրոններն էլ իրենց խաղացանկում, տարբեր ժամանակներում, անդրադարձել են այս պիեսներին: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Ծատուրյանը, երկու թատրոնների, երկու պիեսների, երկու ոճերի եւ երկու տեսակների համատեղումը՝ այն «անսամբլ» դարձնելու նպատակ ունի: Նախագիծը դեռեւս քննարկվում է սեղանի շուրջը, բայց շատ շուտով արդեն գործողությունները կտեղափոխվեն բեմ:
Թբիլիսիի 156 -ամյա Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը`Հայաստանից դուրս գործողմիակ պետական թատրոնն է: Խոսելով նախագծի կարեւորության մասին՝ թատրոնի դերասան Ռոբերտ Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու եւ նպաստելու է նոր ներկայացումների, նոր համատեղ նախագծերի, հայ եւ վրաց դրամատուրգների համատեղ պիեսների ներկայացման եւ նոր սերտ կապերի հաստատմանը:
Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա Գյումրիում, հոկտեմբերին: Այն կներկայացվի նաեւ Երեւանում եւ Թբիլիսիում: