Հարցազրույց

Ռոման Բալայանի համար կինոն սիրուհի է` բառի լավագույն իմաստով.ՖՈՏՈՇԱՐՔ

9 րոպեի ընթերցում

Ռոման Բալայանի համար կինոն սիրուհի է` բառի լավագույն իմաստով.ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմ հիշում` ով է ասել, բայց հայտնի խոսք է` յուրաքանչյուր տաղանդավոր ռեժիսոր անբացատրելի նուրբ հումորի տեր անձնավորություն է` անկախ նրանից կատակերգություն, թե դրամա է նկարում: Թեեւ բնորոշումն ընդհանրացված է բոլոր ռեժիսորների համար, այնուամենայնիվ, խոսքերի ճշմարտացիության մեջ համոզվեցի, երբ սկսեցի զրուցել մեր հայրենակից, ուկրաինաբնակ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանի հետ: «Կաշտանկա», «Բիրյուկ»,«Թռիչքներ երազում եւ իրականում»,«Համբույր»,«Պահպանիր ինձ, իմ թալիսման»,«Ֆիլյոր», «Մցենսկի շրջանի Լեդի Մակբեթ»,«Առաջին սեր»,«Երկու լուսին, երեք արեւ»,«Գիշերը լուսավոր է»,«Դրախտի թռչունները» մեծ ճանաչում ստացած ֆիլմերի հեղինակը ինչպես միշտ անկեղծ է, կատակում է անընդհատ, եւ չափազանց դժվար է խոսքերի մեջ կատակի եւ իրականության սահմանը գծել, լրջության հատիկը գտնել: «Արմենպրես»-ը զրուցեց իր իսկ բնորոշմամբ հայտնիությունից «չփչացած», աստղային հիվանդությամբ «չվարակված» ռեժիսոր Ռոման Բալայանի հետ:

-Պարո'ն Բալայան, ինչպե՞ս գծագրվեց Ձեր մուտքը կինո` սկզբում որպես դերասան, իսկ այնուհետեւ սցենարիստ եւ ռեժիսոր:

-8-րդ դասարանում էի սովորում, երբ հանկարծ որոշեցի, որ դերասան եմ դառնալու` ի դեպ, դրա համար չունենալով որեւէ հիմք` ոչ տաղանդ, ոչ ընդունակություն (ծիծաղում է): Բայց բոլորը միանգամից հավատացին ինձ` մանավանդ մայրս: Տարվեցի այդ գաղափարներով եւ դպրոցում սկսեցի վատ սովորել: Դասընկերներս վստահ էին, որ ես կլինեմ դերասան, իսկ ահա դպրոցի տնօրենը ծնողական ժողովների ժամանակ ասում էր, որ ես առավելագույնը այգեպան կարող եմ լինել: Մայրիկս շատ էր տանջվում: Բայց դե ստացվեց այն, ինչ պետք է լիներ. ես երեք տարի դերասան աշխատեցի: Ի դեպ, դա երեւի մայրիկից եմ ժառանգել. նա գյուղի թատրոնում էր խաղում: Իսկ այնուհետեւ սահուն անցում կատարեցի դեպի կինո, որն ինձ հետ է մինչեւ այժմ:

-Ձեր ֆիլմերի մեծ մասը դասական ստեղծագործությունների էկրանավորումներ են: Այժմ ո՞ր դասական գործը կցանկանայիք կինո դարձնել:

-Կարծում եմ Չեխովի բոլոր ստեղծագործությունները: Իմ սիրած գրողն է եւ ոչ միայն իմ (ժպտում է): Իհարկե այլ գործեր էլ կան, որ ուզում էի անել, բայց ուրիշներն են դրանով զբաղվում:

-Ինչպե՞ս յուրաքանչյուր տաղանդավոր արվեստագետ, Դուք էլ եք աշխարհի քաղաքացի: Այնուամենայնիվ, կինոարվեստում Դուք հայ, ուկրաինացի, թե՞ ռուս ռեժիսոր եք:

-Այստեղ հայերն ասում են, որ հայ ռեժիսոր եմ, Ուկրաինայում ես ուկրաինացի եմ, Ռուսաստանում` ռուս. բոլորն իրենցն են ինձ համարում: Սակայն ես ուկրաինացի ռեժիսոր եմ` հայկական արմատներով: Ես Երեւանը չեմ սիրում:

-Դուք մեկ անգամ չէ, որ նշել եք այդ մասին: Ո՞րն է Երեւանը չսիրելու պատճառը:

-Երիտասարդ տարիներին հաճախ էի ճամփորդում, շատ քաղաքներ տեսնում: Ինձ դուր են գալիս մուգ գույնի քարերից կառուցված քաղաքները, ես տուֆ քարը չեմ սիրում: Բացի այդ հին, չափազանց հին քաղաքներ եմ սիրում, իսկ Երեւանն այդպիսին չէ: Օրինակ` Հռոմը ավելի շատ եմ սիրում, քան Փարիզն ու Լոնդոնը, քանի որ Հռոմում տարբեր դարերի մշակույթն ես տեսնում: Բայց, չնայած դրան, ես սիրում եմ իմ ընկերներին, հենց դրանց համար էլ գալիս եմ Հայաստան:

-Հիմա ի՞նչ ֆիլմի վրա եք աշխատում:

-90-ական թվականներին մի միտք էր գլխումս պտտվում, որը վերջերս ցանկացա նկարահանել, նույնիսկ սցենարը գրեցի մեկ տարի առաջ: Բայց հանկարծ իմանում եմ, որ այդ թեմայով Լյուկ Բեսոնը նկարահանել է ֆիլմ: Մենք ֆիլմի սկզբի համար նույն տեսարանն էինք մտածել, եւ ես չնկարահանեցի: Հիմա ուրիշ սցենարի վրա եմ աշխատում, հուսանք դա կլինի: Կարծում եմ` հոկտեմբերին կվերջացնեմ սցենարը, մյուս տարի արդեն կներկայացնեմ ֆիլմը: Ես թամբալ մարդ եմ (ծիծաղում է): Հիմա չունեմ հետաքրքրություն, որ նկարեմ այնպիսի ֆիլմ, որ բոլորը զարմանան, դա անցել է: Հիմա ինչի մասին նկարես` նորից սիրո… Կինոն կին չէ, այլ` սիրուհի է` բառի լավագույն իմաստով: Դա պարտավորություն չէ: Իսկ ի՞նչ է երջանկությունը, երբ առավոտյան հաճույքով վազում ես աշխատանքի, իսկ երեկոյան շտապում ես տուն: Իսկ այդպես չի լինում: Ես մեծ հաճույքով գրող կամ նկարիչ կլինեի, բայց չեմ ստացվել այդպիսին (ժպտում է):

-Ֆիլմ ստեղծելը միայն ռեժիսորի գործը չէ, այն ռեժիսորի, սցենարիստի, դերասանի, օպերատորի միասնական աշխատանքի արդյունք է: Սովորաբար նկարահանման հրապարակներում միշտ լարված մթնոլորտ է, ամեն ինչ հանդարտվում է, երբ ռեժիսորը գոռում է օպերատորի վրա եւ հակառակը: Ձեզ մոտ է՞լ է այդպես:

-Ես նկարահանման հրապարակում շատ ուրախ եմ, բոլորին ամեն ինչ ներում եմ: Բայց չեմ սիրում ընդհանուր գործընթացը` պետք է սպասել, որ արեւ լինի, կամ անձրեւ, կամ ցուրտ: Պատկերացրեք, ես ամեն ինչ մտածել եմ, գլխումս է ամենը, սակայն իրագործել չեմ կարող: Սակայն երբ բարկանում եմ, կարող եմ մարդ սպանել: Չեմ սպանի, բայց կփորձեմ (ծիծաղում է), մի բան կշպրտեմ, միանգամից կափսոսամ: Իսկ ահա դերասանների հետ աշխատելու մեթոդը մեկն է. եթե տեսնում ես դերասանը քեզնից տաղանդավոր է, պետք է տեղում ցույց տաս, որ դու իրենից խելոք ես, իսկ եթե քեզնից խելացի է, պետք է ցույց տաս, որ դու տաղանդով չես զիջում:

-Դուք երկու կուռք եք ունեցել` Ձեր մայրը եւ Փարաջանովը: Ինչո՞ւ ֆիլմ չնկարահանեցիք այն մարդկանց մասին, ում իրոք անսահման շատ եք սիրել:

-Մանկությանս մասին փորձել եմ նկարել, այն կկոչվեր «17 նովելներ»: Սակայն այն, ինչ մտածել էի, տեսա ուրիշի մոտ եւ չարեցի: Իսկ ահա Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանելու առաջարկ վերջերս ստացա, բայց հրաժարվեցի: Ես հիմա օգնում եմ Սերժ Ավետիքյանին` «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» ֆիլմի նկարահանման, կազմակերպման աշխատանքներում: Ֆիլմի նկարահանումներն արդեն ութ օր է` ավարտել են, մեկ ամիս անց Ֆրանսիայում կսկսի մոնտաժային աշխատանքները:

-Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից կինոյի` մասնավորապես հայկականի մասին:

-Հիմա հիմարների, ծույլիկների ժամանակն է: Բոլորը փորձում են վատը ցույց տալ, իսկ ինձ հետաքրքրող լավը քիչ է: Իսկ հայկական ժամանակակից կինոյի հետ բարդ հարաբերություններ ունեմ: Բոլոր արտիստների աչքերում հայոց ցեղասպանության պատկերն է: Փողոցում, քեֆերի ժամանակ հայերը մեծ հումոր ունեն, իսկ կինոյում ամեն ինչ ծանր է: Եթե ուրախ տեսարան է, միեւնույն է, աչքերի մեջ ուրիշ բան կա: Օրինակ վրացիները հայկական հումորն են օգտագործում իրենց ֆիլմերում, իսկ մե՞նք: Կինոյում բացակայում է նաեւ ինքնահեգնանքը:

-Հիմա ո՞ւմ գովեստն է Ձեզ համար կարեւոր` հանդիսատեսի, թե՞ քննդատաների:

-Հիմա հանդիսատեսի խոսքն է կարեւոր: Իսկ առաջ շատ էի մտածում քննադատությունների, մրցանակների մասին:

-Սիրում եք փողը,,, Սիրում եք այն ծախսել կամ կիսել մեկի հետ: Բա՞րդ աշխատանք է:

-Երբ երիտասարդ էի, շատ-շատ էի ծախսում: Օրինակ, ես կարող էի աշխատել 8 հազար ռուբլի, բայց տուն տանել 3,5-ը. մնացածը ծախսում էի: Հուսամ կինս չի կարդա (ծիծաղում է): Հագուստներ ես ինձ երբեք չեմ գնել, կինս է գնել: Ես մեծագույն հաճույքով եմ ծախսում. դա ինձ համար լավ է, ընտանիքիս համար` ոչ:

-Ճիշտ ժամանակի մեջ ե՞ք ծնվել` ըստ Ձեզ:

-Չէ, պետք է ծնվեի կամ մի հարյուր տարի առաջ, կամ հարյուր տարի հետո: Կցանկանայի ապրել Պուշկինի, Տուրգենեւի, Տոլստոյի, Դոստոյեւսկու կողքին. գուցե կարգին մարդ դառնայի (ժպտում է): Ես շատ հաջողակ եմ ուղղակի եղել:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում