Եվրոպայի խորհուրդը Հայաստանում 15 միլիոն եվրոյի եռամյա ծրագիր կիրականացնի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպայի խորհուրդը Հայաստանում15 միլիոն եվրո արժողության նոր ծրագիր կիրականացնի:Եռամյա գործողությունների ծրագիրը Երեւանում կմեկնարկի հուլիսի 12-ին:«Արմենպրես»-ին Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակից տեղեկացրին, որ ծրագիրը կաջակցի Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում բարեփոխումների օրակարգին:
Այն կկենտրոնացնի իր գործողությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային, մարզային եւ տեղական մակարդակներում ամուր ժողովրդավարական հաստատությունների եւ գործընթացների, ինչպես նաեւ հանրային որոշումների կայացման գործընթացում հիմնական հասարակական եւ քաղաքացիական գործիչների ավելի ակտիվ մասնակցության վրա: Ծրագրի բացման օրը ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Ծրագրերի գլխավոր տնօրեն եւ ԵԽ նորընտիր Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին կներկայացնի գործողությունների ծրագիրը:
Հայաստանը անդամակցել է Եվրոպայի Խորհրդին 2001թ.-ին եւ կնախագահի Նախարարների կոմիտեն 2013թ. մայիսից մինչեւ նոյեմբեր: