Հարցազրույց

Կարեն Ջանիբեկյանն իր տասներեքամյա լռության և Լիանա անվամբ թալիսմանի մասին. ՖՈՏՈՇԱՐՔ

10 րոպեի ընթերցում

Կարեն Ջանիբեկյանն իր տասներեքամյա լռության և Լիանա անվամբ թալիսմանի մասին. ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուրս կյանքի ընթացքում մասնակից, ականատես կամ ուղղակի ունկնդիր ենք եղել պատմությունների, որոնք մեկ բառով բնութագրել ենք որպես նախասահմանվածություն կամ նախախնամություն: Այսպիսի բնութագրում են տալիս իրենց ծանոթությանը, հարաբերությունների զարգացմանն ու իրականությանը հայ ճանաչված եւ սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանն ու իր կինը` դրամատուրգ Լիանա Անթառանյանը: Իրենց ծանոթության, գործնական հարաբերություններից ամուսիններ դառնալու, ինչպես նաեւ ստեղծագործական գործունեության մասին «Արմենպրես»-ը զրուցեց նրանց հետ, ովքեր մեր հարցերին պատասխանեցին միասին` իրար լրացնելով, միմյանց շարունակելով, հիշելով եւ վերհիշելով:

-Տիկի'ն Անթառանյան, մի փոքր խոսենք ծանոթության, ինչպես նաեւ Ձեր երդման մասին: Դա՞ դարձավ Ձեր կյանքի համար շրջադարձային:

Այո', կենսագրությանս շրջադարձային էջի սկիզբը եղավ երդումս, որն ինձ համար անգին էր ու սրբազան: Երբ հայրս մահացավ, դիակի առջեւ երդվեցի, որ կհավերժացնեմ նրա հիշատակը: Իսկ դրա համար որոշեցի գրի առնել իր կյանքի պատմությունը, որը նաեւ արտացոլում էր Անթառանյան տաղանդավոր, բայց պարզ ու հասարակ ցեղի բնավորությունը: Մի գեղեցիկ օր էլ երդումս ինձ բերեց Հայաստան: Հանրաճանաչ արտիստ Կարեն Ջանիբեկյանին հորս անչափ նմանեցնելով` սկսեցի փնտրել նրան: Եվ ոչ մեկ այդ ժամանակ չէր պատկերացնում, որ մեր ճանապարհներն այսպիսով կխաչվեն, իսկ հետագայում` միահյուսվեն: Երբ առաջին անգամ եկա Սունդուկյանի անվան թատրոն, հանդիպեցի դերասան Կարեն Ջանգիրովին, սակայն նայեցի նրան եւ հասկացա, որ այնուամենայնիվ, հորս կերպարը Ջանիբեկյանը միայն կարող է մարմնավորել: Ջանգիրովը կատակեց եւ ասաց.«Ես թանկ դերասան եմ, ինձ վճարել չես կարող»: Եվ հեռացավ: Մի քանի օր անց միայն հանդիպեցի Կարեն Ջանիբեկյանին, ով բանից անտեղյակ եկել էր թատրոն` աշխատավարձ ստանալու: Ամեն ինչ սկսվեց հենց այդտեղից:

-Պարո'ն Ջանիբեկյան, կարող էիք պատկերացնել, որ այդ օրը Ձեր կյանքում շրջադարձային է լինելու:

Տարիներ շարունակ ես Գառնիում էի ապրում շանս հետ` բոլորից կտրված: Նեղացել էի բոլորից եւ ամեն ինչից: Այդ օրը եկա աշխատավարձ ստանալու, եւ ինձ ասացին, որ ինձ մի գեղեցիկ աղջիկ է հարցնումմ, ու եկավ Լիանա Անթառանյանը, ում չէի ճանաչում: Երբ ինձ տեսավ, միանգամից այլայլվեց, քրտնեց, հուզվեց, մոտեցավ ասաց` Պարոն Ջանիբեկյան, ես Ձեզ էի փնտրում: Խոսեց ծրագրի մասին, ես էլ, չիմանալով իր եւ Ջանգիրովի զրույցի մասին, նրան ասացի նույն խոսքերը. «Ես թանկ դերասան եմ»: Դուրս գալիս ասացի` լավ, հետո կխոսենք, ձեռքս դրեցի ուսին ու սեղմեցի: Դա դարձավ նշան, որ մենք դարձյալ հանդիպելու ենք: (շարունակում է Լիանա Անթառանյանը) Երբ տեսա Կարենին, իսկապես շոկ ապրեցի, քանի որ մերհանդիպումը ի վերուստ նշան էր: Ես հավատում էի, որ կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում: Իհարկե այդ ժամանակ խոսքը միայն գործնական հարաբերությունների մասին էր, քանի որ ես դեռ ամուսնացած էի, ունեի հրաշալի ընտանիք Մոսկվայում: Ինձ զգուշացրել էին, որ եթե ցանկանում եմ` Ջանիբեկյանը մարմնավորի հորս դերը, պետք է վերջինս անպայման ծանոթանա սցենարին, իսկ դրա մասին ես անգամ երազել չէի կարող: Բայց ստացվեց այնպես, որ Կարենը ինձ հրավիրեց իրենց տուն` սցենարին ծանոթանալու:

-Փաստորեն վերջապես Ձեր երազանքը իրականություն էր դառնում, ի՞նչ զգացողություն ունեիք, երբ գնում էիք պիեսը ներկայացնելու:

Լավ հիշում եմ…Երեկոյան ութն էր, իսկ ես գնում էի Ջանիբեկյանի հետ հանդիպման: Պատկերացրեք, ես լսել եմ, որ ինքը կանանց շատ է սիրում, եթե նա քայլում է կնոջ կողքով, ուրեմն այդ կինն իրենն է դառնում եւ այլն: Նման բաներ լսած լինելով եւ դողացնելով, վախը սրտումս գնում եմ` առանց իմանալու, թե ինչ է սպասվելու ինձ: Գնում, եմ, բացում եմ համակարգիչս եւ արագ-արագ սկսում եմ կարդալ, որ շուտ դուրս գամ: Սեղանին ընկույզներ կային, նա ինձ հյուրասիրում էր, իսկ ես վախից հրաժարվում էի: Այնուամենայնիվ, հանդիպումը շատ լավ անցավ, Կարենը հուզվեց, համաձայնեց մարմնավորել կերպարը, ինքն իրեն տեսավ այդտեղ: Եվ ես նախապես գրված վիպակը դարձրեցի պիես` ի դեպ դեռեւս պիես գրել չիմանալով: Դա էլ էր նախախնամության արդյունք:

-Պարո'ն Ջանիբեկյան, Դուք էլ էի՞ք հավատում նախախնամությանը:

Գառնիում ես շատ ծանր օրեր եմ ապրել: Քանի որ եղել եմ մենակ, միայն շունս է ինձ հետ եղել: Այդպես էր ստացվել իմ կյանքը: Մենակության մեջ էի, կին չկար, որ ինձ խնամեր, ճաշ եփեր, սիրեր, ջերմություն տար, սակայն, այդ ամենով հանդերձ, ամեն օր աղոթում էի, խնդրում, որ մենակ չլինեմ: Եվ տեսնում եք, հայտնվեց այս հրաշք աղջիկը, ով հետագայում դարձավ իմ կինը:

-Դուք վերադարձաք թատրոն տասներեք տարի լռությունից հետո, այդ տարիներին ընդամենը մի պիեսի էպիզոդում խաղացիք, մտավախություններ ունեի՞ք:

Այո', պիեսը բեմադրվեց եւ կոչվեց «Սարերում կյանք կա» կամ ուղղակի դարձավ իմ վերադարձը դեպի թատրոն: Ես գիտեի, որ գալու էր այդ պահը, որ նորից բեմ եմ բարձրանալու, խաղալու եմ հանդիսատեսի համար: Եվ ահա եկավ գեղեցկուհիս, ու ինձ նորից բերեց բեմ: Եթե նա չլիներ, չէինք բացի «Գուրգեն Ջանիբեկյան» հիմնադրամը, «Գուրջան» թատրոնը:

-Տիկի'ն Անթառանյան, ե՞րբ հասկացաք, որ գործնական հարաբերությունները վերաճել են անձնականի:

Ամուսինս մի օր եկավ Հայաստան եւ ինձ ասաց, որ չպետք է թատրոն մտնեմ, քանի որ այդտեղ միայն անբարոյականներ են աշխատում: Իմ առջեւ դրվեց ընտրություն ամուսնուս եւ թատրոնի միջեւ, եւ ես ընտրեցի երկրորդը: Ոչինչ մենք չէինք ծրագրել, ամեն ինչ հանկարծ ստացվեց, եւ մի օր տեսանք, որ արդեն միասին ենք ապրում: Որոշ ժամանակ անց հասկացա, որ նման մարդու կողքին լինելու համար բավական չէ իմ գեղեցկությունը կամ երիտասարդությունը, ես պետք է համապատասխանեմ իրեն: Եվ ես ընդունվեցի եւ շարունակում եմ սովորել Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում:

-Թատրոնում Լիանա Անթառանյանը բեմադրում է, իսկ Կարեն Ջանիբեկյանը խաղում, իսկ կյանքում ինչպե՞ս են բաշխված դերերը:

Մենք միշտ նայում ենք մի ուղղությամբ, ամեն րոպե գործում, պլանավորում, ներկայացումներ: Կենցաղը մեզ չի սպանում, ինչպես նաեւ իրար հետ լեզու գտնելու խնդիր չունենք:

(շարունակում է Կարեն Ջանիբեկյանը) Այո, մենք նույն ուղղությամբ ենք նայում, իրար օգնում ենք, աշխատում ենք միասին լինել: Լիանան իմ մեջ է, իմ կեսն է: Երբ մենակ եմ, ինձ լիարժեք չեմ զգում: Նա իմ Լիանա անունը կրող թալիսմանն է: Աստված տա 14 տարի էլ ապրեմ, չափը դրել եմ: Աստծո հետ պայմանավորվել եմ, որ կապրեմ 89 տարի, 90-ը հոբելյանական է, չեմ ուզում (ծիծաղում է):

Մենք հավատացած ենք, որ երբ փակվում է մի դուռը, միաժամանակ բացվում են երկուսը: Լիանան ոչ թե մի դուռ, այլ մի ամբողջ աշխարհ բացեց իմ առաջ` լավ, գեղեցիկ, բարությամբ լի աշխարհ:

-«Գուրջան» թատրոնը նոր պիեսով կներկայանա` «Վանա կատու»: Ի՞նչ փուլում են աշխատանքները:

Մեկ տարի է` մտածում եմ ինքս իմ մեջ: Հիմա մեկ երրորդն արել եմ, տեսնում եմ արդեն, որ պիես կդառնա: Առաջին երկու պիեսները` «Սարերում կյանք կա» եւ «Անառակ դստեր վերադարձը» կենցաղային դրամաներ են, իսկ այս պիեսը այդպիսին չէ: Այստեղ ցուցադրված է, թե ինչ է մտածում մայր Հայաստանը, ինչ ցավեր ունի Վանա կատուն եւ այլն, եւ այլն:

-Պարո'ն Ջանիբեկյան, ո՞ր դերն եք ամենից շատ կարոտում: Եվ ո՞ր կերպարում կցանկանաք ներկայանալ:

Որեւէ խաղացած դեր չեմ կարոտում, դա անցած փուլ է: Իմ մանկությունն եմ կարոտում, դա էլ դեր է:

Կցանկանայի մարմնավորել շեքսպիրյան բոլոր դերերը: Դեռեւս կցանկանայի խաղալ Լիր արքա կամ Մեք Գրեգոր` «Իմ սիրտը լեռներում է» պիեսից:

Վերջում «Արմենպրես»-ը ամուսիններին կարճ հարցեր ուղղեց, որոնց պատասխանեցին առանձին-առանձին` փորձելով չկրկնել միմյանց:

-Սիրում եմ եւ՞:

Լիանա Անթառանյան- Հավատարիմ կմնամ:

Կարեն Ջանիբեկյան- Եվ սիրում եմ:

-Կարոտում եմ :

Լիանա Անթառանյան- Դեբեդը, հորս տունը:

Կարեն Ջանիբեկյան- Հորս եմ կարոտում:

-Հիշում եմ ե՞ւ…

Լիանա Անթառանյան- Հորս եմ հիշում եւ ցավ եմ ապրում, որ այսպես ստացվեց:

Կարեն Ջանիբեկյան- Շատ բան եմ հիշում եւ ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի:

-Կփոխեի...

Լիանա Անթառանյան- Մեր հոգեբանությունը:

Կարեն Ջանիբեկյանը- Չէի ցանկանա, որ սուտը լիներ: Կուզեի, որ փոխվեր այն մթնոլորտը, որը տիրում է:

-Ափսոսում եմ:

Լիանա Անթառանյան- Ենթարկվելով ծնողներիս կամքին` ընտրել եմ այլ` ջութակահարի մասնագիտություն: Ափսոսում եմ, որ տարիներս գնացին, ու ուշ եմ անում այն, ինչի համար ստեղծված եմ:

Կարեն Ջանիբեկյան- Ափսոսում եմ, որ տղայիս եմ կորցրել:

՞նչը կփրկի աշխարհը:

Լիանա Անթառանյան- Մեր աշխարհին էլ ոչ մի բան: Փրկություն չկա, գուցե միայն հավատը:

Կարեն Ջանիբեկյան- Գուցե միայն բարությունը, սերը միմյանց նկատմամբ:

Թղթակից` Արուսիկ Զախարյան

Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում