Ֆուտբոլ

Եվրո 2012-ը մոտենում է եզրագծին. ՖՈՏՈՇԱՐՔ

7 րոպեի ընթերցում

Եվրո 2012-ը մոտենում է եզրագծին. ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 14-րդ առաջնությունը մեկնարկեց դրամատիզմով լի խաղերով, որտեղ տանտերերը` Լեհաստանի հավաքականը ոչ-ոքի` 1-1 ավարտեց անդրանիկ հանդիպումը հույների հետ: Այստեղ հիշելի է այն, որ այս առաջնության առաջին գնդակը հեղինակեց լեհ Ռոբերտ Լեւանդովսկին: Անմոռանալի է, և հատկապես ռուսների համար երբեք չմոռացվող է այն,որ մեկնարկային փայլուն հաղթանակից խմբից դուրս մնացին: Չեխերի հաջորդ փուլ անցնելը բոլորի համար հրաշքի էր նման : Սակայն Պետեր Չեխի եւ իր թիմակիցների փառահեղ խաղը ցույց տվեց, որ եվրո 2012-ում անակնկալները դեռ շարունակվելու են: Սակայն թե չեխերը, թե հույները իրենց «զենքերը վայր դրեցին» հաջորդաբար Պորտուգալիայի եւ Գերմանիայի հետ խաղերում:

Եվրոյի առաջին համընդհանուր անակնկալը ֆուտբոլասերներն ու մասնագետները համարեցին Դանիա-Նիդեռլանդներ հանդիպումը, որտեղ հաջողությունը ժպտաց դանիացիներին: Դեռեւս վիճակահանության ժամանակ «մահվան խումբ» անվանումն ստացած B խմբի ֆավորիտներից համարվող հոլանդացիները բոլորի համար անսպասելի եւ անհետաքրքիր խաղը ցուցադրեցին: Ի զարմանս բուքմեյքերների և ֆուտբոլասերների` Նիդեռլանդների ընտրանին ֆուտբոլի եվրոյի պատմության մեջ ցույց տվեց ամենաանարդյունավետ խաղը` ոչ մի միավոր չվաստակելով: Ինչպես եւ սպասվում էր, այս խմբից քառորդ եզրափակչի ուղեգրեր նվաճեցին Գերմանիայի ու Պորտուգալիայի հավաքականները:

Եթե A եւ B խմբերում ֆավորիտները մեկնարկային երկրորդ հանդիպումներից հետո քիչ թե շատ ապահովել էին իրենց տեղը ¼ եզրափակչում, ապա C խմբում խորվաթները ամեն կերպ խառնում էին առաջատարների խաղաթղթերը: Եվրոպայի այս առաջնությունում մի յուրօրինակ «բախտի» արժանացան իռլանդացիները, ովքեր անցկացրած 3 խաղում կրեցին երեք պարտություն (կարծում եմ` հայ ֆուտբոլասերները ինչ որ չափով թեթեւացան), բայց գլուխները բարձր տուն վերադարձան, որովհետև նրանց երկրպագուները իրենց ֆուտբոլիստների պարտությունն անգամ հաղթանակի նման էին դիմավորում:

D խմբում իրավիճակն այլ ընթացք ստացավ: Անգլիայի եւ Ֆրանսիայի ընտրանիները իրենց ուղեգրերի համար համառորեն պայքարեցին խմբային փուլի մինչեւ վերջին հանդիպումը: Ուկրանիայի դարպասին խփած Անգլիայի միակ վերջին գնդակը «փրկեց» բրիտանացիներին քառորդ եզրափակչում Իսպանիայի հետ հանդիպելուց: Անգամ շվեդներից կրած պարտությունը բախտորոշ եղավ ֆրանսիացիների համար: Նրանք թեկուզ պարտությամբ նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր` հաստատ համոզված լինելով, որ առջևում, իրենց դժվար հանդիպում է սպասվում:

Քառորդ եզրափակչի առաջին` Չեխիա-Պորտուգալիա խաղն ընդունեց Վարշավայի «Ազգային» մարզադաշտը: Պորտուգալացիներին հաջողվեց շարունակել իրենց հաղթական շքերթը, թիմի ավագ հիմնական շարժիչ ուժ համարվող Կրիշտիանու Ռոնալդուի միակ գոլի շնորհիվ: Թեեւ չեխերից տարած հաղթանակից հետո թիմի ավագ Ռոնալդուն վստահորեն հայտարարեց, որ իր թիմին տեսնում է եզրափակչում, բայց կանխատեսումը չիրականացավ. Պիրենեյան թերակղզու բնակիչներին կանգնեցրին իրենց հյուսիս-արեւմտյան հարեւանները:

Կիսաեզրափակչի հաջորդ ուղեգրերի համար պայքարող գերմանացիները հաղթահարեցին հունական արգելքը, սակայն նույնը չհաջողվեց անել իտալացիների դեպքում: Ի տարբերություն Եվրոպայի եռակի չեմպիոնների, իտալացիները կարողացան հաջողության նժարը իրենց կողմը թեքել և անգլիացիների հետ խաղում (0-0/ 2-4), և Բալոտելլի դուբլի շնորհիվ հայտնվել նաեւ եզրափակչում:

Ամեն ինչ կարծես դեժավյու է : Եվրո 2004 ժամանակ Պորտուգալացիները մեկնարկային եւ եզրափակիչ խաղերում չկարողացան առավելության հասնել այդ տարվա Եվրոպայի չեմպիոն Հունաստանի ընտրանու նկատմամբ: Այժմ նույնը կրկնվեց Եվրո 2012-ում: Իտալիա-Իսպանիա «բախմանը» ֆուտբոլասերները ականատես կլինեն նաեւ եզրափակիչ փուլում: Խմբային փուլում նրանց հանդիոպումն ավարտվեց 1-1 հաշվով:

Այս հանդիպումն արդեն բազմակարծության տեղիք տվեց: Ոմանք ասում են, որ սա լինելու է մրցավեճ երկու մարզիչների միջեւ, իսկ մյուսները պնդում են, որ այս հանդիպումը լինելու է երկու տարբեր ֆուտբոլների հակամարտություն: Բայց այն, որ երկու թիմերի մարզիչները մի լավ քննել եւ զննել են իրենց մրցակցին, դա ակնհայտ է: Բայց կա հիմնական կարծիք, որը չի կարելի ժխտել. այն է, որ Բոսկեն եւ Պրանդելին կցանկանան իրենց թիմերին տեսնել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարեր կատարելիս:

«Իտալիայի այս ընտրանին շատ աշխատասեր է: Նրանք իրենց խաղը կենտրոնում հիմնում են Պրիլոյի եւ Դե Ռոսսի վրա: Եթե նայենք խմբային փուլի մեր առաջին հանդիպմանը, ապա նրանք գերազանցեցին մեզ առաջին կեսում: Հենց այս հավաքականն էր մեզ ամենաշատը անհանգստացնում: Կարծում եմ, իտալացնիները մեր դեմ էլ կխաղան նույն կազմով, ինչ որ գերմանացիների դեպքում էր »,- ասել է իսպանացիների գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:

«Իսպանացիների դեմ նախորդ խաղում մենք հրաշալի անցկացրինք առաջին կեսը: Գաղտնիք չէ, որ մենք պահպանելու ենք հանդիպման բալանսը: Եթե մենք ճիշտ օգտագործենք մեր հնարավորությունները, ապա կարող ենք լավ արդյունքի հասնել: Չարժի վախենալ իսպանացիներից: Մենք արժանիորեն ենք հասել եզրափակիչ: Պայքարել ենք մինչեւ վերջ, եւ ամեն ինչ անելու ենք հաղթելու համար»,-ասել է իտալացիների գլխավոր մասնագետ Չեզարե Պրանդելին:

Վիճակագրությունն ասում է , որ այս հանդիպումը Իսպանիայի եւ Իտալիայի միջեւ 31-րդն է: Իտալացիներին հաջողվել է 10 անգամ առավելության հասնել Եվրոպայի գործող չեմպիոնների նկատմամբ, իսկ իսպանացիները հաղթել են 8 անգամ, 12 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Չեզարե Պրանդելիի գլխավորությամբ իտալացիները վերջին 15 պաշտոնական խաղերում չեն կրել ոչ մի պարտություն` 10 հաղթանակ, 5 ոչ-ոքի:

Եթե Վիսենտե դել Բոսկեի սաներին հաջողվի հաղթանակ տանել, ապա նրանք կդառնան առաջին երկիրը, որը Եվրոպայի երկու առաջնությունում անընդմեջ հաղթող է դառնում: Եվրոպայի 14-րդ առաջնության եզրափակիչ Իսպանիա-Իտալիա հանդիպումը կկայանա Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում, այն կառուցվել է 1936 թվականին, ընդունում է 70500 հանդիսական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում