Ցանկացած ուտեստի հաջողության գրավականը բարությունն է. ՖՈՏՈՇԱՐՔ
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոհարար Սեդրակ Մամուլյանին շատերն են ճանաչում, բայց քչերը գիտեն, որ նա մանուկ հասակից երազել է ոչ թե խոհարարի, այլ զինվորականի մասնագիտության մասին:«Հայրս դեմ էր, բայց մայրս կողմ` իմ զինվորական դառնալու մտադրությանը, արդեն դիմել էի Լենինգրադի զինվորական թեքումով վարժարան, բայց հանգամանքների բերումով զինվորական դառնալու ցանկությունս չիրականացավ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Մամուլյանը: Նրա խոսքով` հուսալքությունը, բարձրագույն կրթությունից հիասթափությունը եւ պատահականությունը հիմք հանդիսացան իր խոհարար դառնալու որոշման համար: Խորհրդային բանակում ծառայելուց հետո նա 1979 թվականին ընդունվում է Երեւանի Քանաքեռի թիվ 17 խոհարարական ուսումնարան` իր կյանքը հավետ կապելով խոհարարության հետ:«Սիրում եմ մասնագիտությունս, քանի որ այն ստեղծագործելու, մտածելու եւ իմպրովիզներ անելու հնարավորություն է տալիս, առանց խոհարարության այլեւս չեմ պատկերացնում ինձ»,- նշեց Մամուլյանը:
Չար մտքերը խոհանոցում տեղ չունեն
Տարբեր տարիներին աշխատելով մի շարք ռեստորաններում նա հասկացել է, որ խոհարարի մասնագիտությունն այն եզակիներից է, որն ապահովում է նոր եւ հետաքրքիր զգացողությունների ամենօրյա չափաբաժինը:«Խոհարարի համար լավատեսությունը, լավ տրամադրությունը, բարի լինելն անփոխարինելի հանգամանք են, չար մտքերը, վատ տրամադրությունն անհարիր են խոհանոցին»,- տեղեկացնում է խոհարարը: Նա շեշտեց, որ պատահական չէ` «խոհանոց» միայն հայերենում նշանակում է մտածելու, խորհելու վայր:Մամուլյանի խոսքով` խոհանոցում պետք է իշխի բարի մթնոլորտը, պատրաստման գործընթացն էլ ուղեկցվի ժպիտով եւ ազգային երաժշտությամբ:

«Դրական լիցքերը փոխանցվում են կերակրատեսակին, այն կենդանի օրգանիզմ է, որը հակված է վիրավորվելու: Եթե մռայլ դեմքով ես պատրաստում` ուրիշի հանդեպ չարությամբ լցված, ապա հյուրն անպայման կզգա, որ տվյալ կերակուրը ճիշտ չէ պատրաստված»,- նշեց նա:«Տղամարդիկ, թե կանայք են լավ խորահարներ» բոլոր ժամանակների դիլեմային եւս Մամուլյանն ունի իր պատասխանը: Նա կարծում է, որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, կենսաբանորեն համահոտային հատկանիշների նկատմամբ ավելի զգայուն են, սակայն եւ կինը, եւ տղամարդը հավասարապես կարող են «իշխել» խոհանոցում:

Ավանդական կերակուրները չեն սահմանափակվում սպասով եւ խորովածով
2007 թվականին մի խումբ համախոհ ընկերների` մասնավորապես Ռուզան Նահապետյանի հետ, Մամուլյանը հիմնում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը, որը, խոհարարի բնորոշմամբ, ազգայինը վերականգնելու եւ տարածելու հարթակ է:«Զբոսաշրջիկը ցանկացած երկրում լինելուց հետո հիշում է աչքի տեսածն ու քիմքի զգացածը: Շատերը կարծում են, թե հայկական ավանդական կերակուրները սահմանափակվում են սպասով եւ խորովածով: Այնինչ մեր նախնիներից ժառանգել ենք հարուստ եւ բազմազան խոհանոց, ուտեստներ, որոնք պատիվ կբերեին ցանկացած ազգի»,- նշեց Մամուլյանը: Նա համոզված է, որ մեր ազգային խոհանոցը մեր մշակույթի արտահայտությունն է, որը դարեր շարունակ դոնոր է ծառայել մյուս ազգերի համար:«Հայերը հաց են թխել` խոնարհվելով արեւ-թոնրին: Մեր խոհանոցը սերտ կապ է ունեցել տոնածիսական արարողությունների հետ»,- պարզաբանում է զրուցակիցս:
Նա մտահոգություն է հայտնում այն մասին, որ շատ ազգային կերակրատեսակների բաղադրատոմսեր եւ պատրաստման տեխնոլոգիաներ մոռացության են մատնվում ընտանիքի տատիկների մահանալով. խնդրի լուծումը, խոհարարի դիտարկմամբ, Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվող բանահավաքությունն է, որի շնորհիվ մեկ հաստափոր աշխատությունում առաջիկայում կամփոփվեն հայկական խոհանոցի բոլոր գաղտնիքները:

Լավագույն գնահատականը ֆրանսիացիների ծափահարությունն էր
Մամուլյանը թեեւ իր պատրաստած կերակուրների հասցեին բազմաթիվ շռայլ հաճոյախոսություններ է լսել, սակայն նրա հիշողության մեջ ամենից շատ տպավորվել է մի դեպք: «Ինձ համար գերագույն հաճույք էր, երբ ֆրանսիացի զբոսաշրջիկների մի խումբ ինձ տեսնելով սկսեց ծափահարել: Սա համարում եմ գերագույն արդյունք, քանի որ ֆրանսիացիները խոհանոցի հարցում բարձրաճաշակ են եւ բծախնդիր»,- ասաց ակնարկի հերոսը, ում ամենասիրած կերակուրը փոխինդով խաշիլն է:«Մինչեւ հիմա հիշում եմ աղացած ցորենի բույրը, սովորաբար այս ուտեստը տատիկիս հետ էինք պատրաստում մանուկ հասակում»,- շարունակում է խոհարարը:

Նա շնորհակալություն է հայտնում բոլոր ԶԼՄ-ներին, որոնք պարբերաբար անդրադառնում են խոհարարական ոլորտին, քանի որ ազգային խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման գործում, նրա կարծիքով, մեծ է նաեւ լրատվամիջոցների դերը:2007 թվականին ազգագրագետների եւ ուսանողների մասնակցությամբ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր կերակրատեսակների ցուցադրություն-համտես, որի շնորհիվ հայկական ազգային 68 կերակրատեսակ վերականգնվեց եւ վերագտնվեց:Առաջիկայում կազմակերպությունը ծրագրում է ստեղծել հայկական ազգային խոհարարական հանրագիտարան, հիմնել խոհարարների դպրոց:Տարբեր տարիների կտրվածքով կառույցը նախաձեռնել եւ շարունակում է իրականացնել մի շարք փառատոններ: Հունիսի 12-ին «Հացը Լեռներում» ամենամյա տոնածիսական կերակրատեսակների փառատոնն անցկացվեց Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում, իսկ Տոմլայի ամենամյա փառատոնը տեղի կունենա հուլիսի 11-ին Սարդարապատում:
Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան
Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի