Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությունն հյուրընկալվել է ՀՀ ԱԺ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը եւ Մնացական Մնացականյանը հունիսի 26-ինհանդիպել են ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը, որը ղեկավարում էր այդ քաղաքի Միավորման կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սանդոզը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը, որը, նրա բնորոշմամբ, համապետական ակտիվ հարաբերություններից վերածվել է երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության: ՀՀԿ խմբակցության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ միջպետական հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում հատկապես տարածաշրջանային համագործակցության ասպարեզում իրականացվող իրատեսական քայլերով:

ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը տեղեկացրել է, որ Բուրգ լե Վալանսը եւ Թալինը քույր քաղաքներ են, եւ իր` Թալինի քաղաքապետ եղած տարիներին ֆրանսիացիները երկարատեւ զարգացման լուրջ ծրագրեր են իրականացրել Թալինում հատկապես սպասարկման ոլորտում: Այդ համագործակցությունն այսօր էլ շարունակվում է:

Ժան-Պիեռ Սանդոզը նույնպես կարեւորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը եւ Ֆրանսիայում, մասնավորապես Բուրգ լե Վալանսում հայկական համայնքի ակտիվ դերակատարությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում` այդ ակտիվությամբ պայմանավորելով նաեւ Հայաստանի համայնքների, մասնավորապես` Թալինի հետ սերտ համագործակցությունը:

Հայերեն English Русский