Իսպանացիները եւս նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի քառորդ եզրափակչում հանդիպեցին Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս հանդիպումն ավելի հետաքրքրական էր նրանով, որ աշխարհի նախկին եւ ներկա չեմպիոնները փորձում էին հավատարիմ մնալ իրենց նվաճումներին, ցուցադրել գեղեցիկ ու գրագետ խաղ: Սակայն հենց մեկնարկային րոպեներից իսպանացիները, իրենց բնորոշ խաղային տակտիկայով, վստահորեն իրենց մոտ էին պահում գնդակը եւ գրոհներ կազմակերպում:

Իրար հաջորդող գրոհները տրամաբանական գագաթնակետին հասավ 19-րդ րոպեին, և իսպանացիներն առաջ անցան հաշվի մեջ: Գլխի գեղեցիկ հարվածով դարպասը գրավեց Չավի Ալոնսոն`1-0 հօգուտ Իսպանիայի:

Խփած գնդակը իսպանացիներին նոր եռանդ հաղորդեց: Նրանց միմյանց հաջորդող ճշգրիտ փոխանցումներն ու գրոհները հնարավորություն չէին տալիս ֆրանսիացիներին բաց թողած գնդակից հետո սթափվել:

Առաջին խաղակեսի վերջին րոպեներին Ֆրանսիայի հավաքականը ցանկանում էր վճռական գործողություններ ձեռնարկել` խաղի հաշիվը հավասարեցնելու համար:Այստեղ էլ իրենց վարպետությամբ աչքի ընկան իսպանացի պաշտպանները: Առաջին խաղակեսում այլեւս դարպասի գրավում չարձանագրվեց, եւ թիմերը գնացին հանգստի 1-0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում ֆրանսիացիներն անցան վճռական գործողությունների: Սակայն գրոհների վերջին փուլում իսպանացիների պաշտպանները շարունակում էին անխոցելի մնալ:

Խաղակեսի միջնամասում ֆրանսիացիները պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար` ներդնելով իրենց վերջին ուժերը:

Իսպանացիներին հաջողվեց նաեւ երկրորդ գնդակը խփել: Հանդիպման ավելացված վերջին րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Չավի Ալոնսոն` դառնալով դուբլի հեղինակ: Այնուամենայնիվ, ֆրանսիացիներին չհաջողվեց գրավել Իկեր Կասիլիասի դարպասը: Եվրոպայի գործող չեմպիոնները հաղթեցին 2-0 հաշվով:
Աշխարհի չեմպիոնները կիսաեզրափակչում կմրցեն Պորտուգալիայի հավաքականի հետ, իսկ հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Դոնեցկի «Դոնբաս արենա»-ում:
Իսպանիա Ֆրանսիա
7 Անկյուն 3
1 Դեղին 2
0 Կարմիր 0