Հույները մինչ այժմ երբեւէ չեն հաղթել գերմանացիներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի քառորդ եզրափակչի Հունաստան-Գերմանիա հանդիպումը կկայանա հունիսի 22-ին լեհական Գդանսկ քաղաքի ավելի քան 40 հազար հանդիսականների համար նախատեսված «PGE Արենա»-ում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հույների համար արդեն մեծ նվաճում էր խմբային փուլի 3-րդ խաղում Ռուսաստանի ընտրանու նկատմամբ տարածհաղթանակը: Հունաստանի հավաքականին այժմ միայն հրաշք է հարկավոր առաջնության հիմնական ֆավորիտներից մեկի` Գերմանիայի ընտրանուն նկատմամբ առավելության հասնելու համար:Գերմանիայի հետ քառորդ եզրափակիչ խաղում Եվրոպայի 2004 թվականի չեմպիոններին չի կարող օգնել թիմի առանցքային ֆուտբոլիստ Գեորգիուս Կարագունիսը: Հակառակ հույների` գերմանական «ճանբար»-ում ամեն ինչ ավելի հանգիստ ու կազմակերպված է:
«Պետք է աշխատենք գնդակով եւ առանց: Կարծում եմ մեր ընտրանին կարող է չեզոքացնել հույների հակագրոհները: Թեպետ նրանք ավելի քիչ պահեր են ստեղծում, բայց կարողանում են արդյունավետ օգտագործել նաեւ այդ մի քանիսը»,- ասել է Գերմանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Սեմի Խեդիրան:
«Այս խաղում մենք պետք է հրաշք գործենք. պայքարելու ենք ամեն գնդակի համար, առաջինից մինչեւ վերջին րոպեն»,-ասել է հույների կիսապաշտպան Կոստաս Կացուրանիսը:
Ըստ վիճակագրության` հույները մինչեւ այժմ գերմանացիների հետ հանդիպել են ութ անգամ, սակայն ոչ մի անգամ հաղթանակ չեն տարել (3 ոչ-ոքի, 5 պարտություն): Երկու թիմերի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2001 թվականին, որտեղ Եվրոպայի եռակի չեմպիոն գերմանացիներն առավելության էին հասել 4-2 հաշվով:
Եվրոպայի առաջնության շրջանակներում Հունաստանի ընտրանի միայն մեկ անգամ է մրցել «բունդես» թիմի` 1980 թվականին այն ժամանակ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հավաքականի դեմ:
Վերջին վեց համաշխարհային ֆուտբոլային ստուգատեսների ժամանակ գերմանացիներին հաջողվել է հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: