Գերմանացի գործիչներն արժանացել են «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում հունիսի 17-ինտեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից,Հայաստանի և Գերմանիայի միջև հոգևոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի են արժանացել Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը:Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրը, ջերմորեն ողջունելով հյուրերի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ներկայացրել է շքանշանակիրների գործունեությունն ու իրականացրած բարեգործական ծրագրերը:
«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո են բերվել Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցել են Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Էռնես Դրայսին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. «Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Դուք տարիներ շարունակ գովարժան հաձնառություններով արդյունավոր ջանքեր եք բերում ի նպաստ Հայաստանի և Գերմանիայի միջև հասարակական, հոգևոր ու մշակութային ասպարեզներում փոխգործակցության զարգացման: Ձեր նախաձեռնությամբ արդյունավոր հարաբերություններ են հաստատվել Սուրբ Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանական համալիրների միջև` ի նպաստ հոգևոր-բարոյական արժեքների տարածման ու քրիստոնեական հավատքի զորացման: Ուրախալի է, որ վանքերի միջև համագործակցության շրջանակներում Գեղարդավանքի երգչախումբը բազմիցս առիթներ ունեցավ համերգներով հանդես գալ Գերմանիայում` հայ հոգևոր ու ազգային երգի գոհարները ներկայացնելով գերմանացի ունկնդիրներին: Մեր ժողովուրդը մշտապես երախտագիտությամբ է հիշելու Ձեզ` որպես սիրելի երախտավորի, և աղոթելու առ Աստված Ձեր կյանքի ու գործերի հաջողությանց համար»:
Յոհաննես Կերհերին ուղղված կոնդակում ասվում էր. «Գոհունակությամբ տեղեկացանք մեր երկրում Ձեր կողմից իրականացված ծրագրերի մասին: Տարիներ շարունակ Դուք աջակցություն եք բերում Սուրբ Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանական համալիրների միջև հաստատված համագործակցության զորացմանը, որն արդյունավորվում է աստվածահաճո ձեռնարկների իրականացմամբ` ի նպաստ երկու հաստատությունների առավել պայծառության:
Ուրախություն է Հայրապետիս համար նաև, որ Դուք առ Աստված հավատքով և առ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին անկեղծ հարգանքով օժանդակեցիք Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի նորոգության աշխատանքներին: Ձեր սրտաբուխ հանձնառությունը բարձրորեն գնահատվեց մեր հավատացյալների կողմից, ովքեր երախտագիտությամբ հիշում են Ձեզ ու մշտապես աղոթում Ձեզ համար»:
Կոնդակների ընթերցումից հետո Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նվիրյալներին հանձնել են շքանշանները:
Այնուհետև իրենց սրտի խոսքն են արտահայտել Դրայսն ու Կերհերը: Նրանք շնորհակալություն են հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց այդպիսի մեծ պատվի արժանացնելու համար, ապա նշել, որ մտադիր են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի ավելի սերտացնեն գերմանա-հայկական հարաբերությունները:
Արարողության ավարտին հոգևոր երգերի կատարմամբ հանդես է եկել Ս. Գեղարդավանքի երգչախումբը: