Պորտուգալացիները հաղթանակ են կորզում վերջին րոպեներին.ԵՎՐՈ 2012 Դանիա-Պորտուգալիա 2-3.ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի B խմբի երկրորդ տուրի առաջին հանդիպումը կայացավ ուկրաինական Լվով քաղաքի մարզադաշտում, որտեղ մրցասպարեզ մտան Դանիայի և Պորտուգալիայի հավաքականները:
«Արմենպրես»- փոխանցմամբ, թիմերը հանդիպումն սկսեցին հետախուզական քայլերով: Առաջինը կտրուկ միջոցառումներ ձեռնարկեց Դանիայի ընտրանին, որի արդյունքում Պորտուգալիայի դարպասին իրար հաջորդեցին անկյունային հարվածները:
Խաղի նախաձեռնությունը հետզհետե անցավ պորտուգալացիների կողմը:
Անընդմեջ գրոհները տվեցին իրենց ցանկալի արդյունքը: Անկյունայինի խաղարկումից հետո Պեպեն բացեց խաղի հաշիվը (25 րոպե): Պորտուգալացիները ոգեւորվելով հաջողությամբ շարունակեցին ճնշում գործադրել:
Առաջին խաղակեսի միջնամասում դանիացիներին չէր հաջողվում ճշգրիտ հակագրոհներ կազմակերպել:
Խաղակեսի ավարտին Պորտուգալիայի ընտրանին կրկնապատկեց հաջողությունը: Ստանալով աջակողմյան փոխանցումը գնդակը ցանցն ուղարկեց Հելդեր Պոշտիգան (36 րոպե): Դանիայի հավաքականը օգտվեց իրեն ընձեռված առաջին իսկ հնարավորությունից եւ կրճատեց հաշվի տարբերությունը: Ստացած օդանային փոխանցումը` գլխի գեղեցիկ հարվածով գնդակը ցանցի մեջ ուղարկեց Բենդետները: Խփած գոլից հետո դանիացի ֆուտբոլիստները սկսեցին ավելի գրագետ եւ արդյունավետ խաղ ցուցադրել: Այնուամենայնիվ առաջին կեսն ավարտվեց պորտուգալացիների առավելությամբ:
Երկրորդ խաղակեսը սկսվեց երկուստեք գրոհներով: Շատ նպաստավոր դիրքից չկարողացավ օգտվել Կրիշտիանո Ռոնալդուն:
Դանիացիներից խաղի մեջ ակտիցություն մտցրեց փոխարինման դուրս եկած Միկելսենը: Երկու թիմերը այս խաղակեսում հավասարազոր պայքար էին մղում գնդակին տիրելու համար:
Երկրորդ կեսի ավարտին Նիկոլաս Բենդետները դարձավ դուբլի հեղինակ: Պորտուգալացիների տուգանային հրապարակում ստեղված իրարանցման ժամանակ առաջինը կողմնորոշվեց հենց դանիացի ֆուտբոլիստը:
Պորտուգալիան ամբողջ ուժերով նետվեց հակագրոհի: Եւ հանդիպման 87-րդ րոպեին դանիացիների դարպասը գրավեց Վարելանը` առաջ մղելով Պորտուգալիային:
Ի վերջո հանդիպումը ավարտվեց 2-3 հաշվով` հօգուտ Պորտուգալիայի հավաքականի:
Դանիան հաջորդ խաղում կմրցի Գերմանիայի, իսկ Պորտուգալիան` Նիդեռլանդների հետ:
Դանիա Պորտուգալիա
7 Անկյուն 6
2 Դեղին 2
0 Կարմիր 0