Լոս Անջելեսում հայազգի տղամարդը սպանել է կնոջը
2 րոպեի ընթերցում

ՄՈՆԹԵԲԵԼՈ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի ոստիկանությունը շարունակում է հայկական ընտանիքնում տեղի ունեցած սպանության եւ ինքնասպանության փորձի դեպքի ուսումնասիրությունը: Լոս Անջելեսի բնակիչներ 63-ամյա Անահիտ Հայրապետյանին եւ 72-ամյա Բղդո Հայրապետյանին իրենց տանն անգիտակից վիճակում հայտնաբերելուց հետո հարեւանները դիմել են ոստիկաններին:
Համաձայն նախնական տվյալների` Անահիտին խեղդել է իր ամուսինը` Բղդոն, ով այնուհետեւ դանակահարել է ինքն իրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Whittier Daily News-ը տեղեկացնում է, որ ոստիկանների դեպքի վայր ժամանումից քիչ անց 63-ամյա Անահիտ Հայրապետյանը մահացել է: Անահիտի ամուսինը` 72-ամյա Բղդո Հայրապետյանը եւս գտնվել էր անգիտակից վիճակում, նրան չափազանց կրիտիկական վիճակում հոսպիտալացրել են:
«Սպանության պատճառը դեռեւս չի բացահայտվել: Մեր հետախույզները հանդիպումներ են կազմակերպում ընտանիքի անդամների հետ: Միաժամանակ հայտնի չէ` արդյոք որեւիցե հիվնադություն կամ հոգեկան խնդիրներ կարող էին իրենց դերակատարությունն ունենալ այս միջադեպում»,-նշել է սպանությունների բյուրոյի լեյտենանտ Էդի Հերմանդեսը: Նա ընդգծել է, որ տեղեկատվություն կա, որ Բղդո Հայրապետյանն ընդունել է ինչ-որ դեղամիջոցներ, որոնք պարզ չէ, թե ինչի համար են օգտագործվել: Կասկածյալի իրավիճակի վատթարացումը փորձում են կանխել, որպեսզի կորզեն տեղեկատվություն: Արդյոք Բղդո Հայրապետյանի վիճակը կբարելավվի դատական լսումներին ներկա գտնվելու համար, թե ոչ, պարզ չէ: