2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա առաջ մղել իր թեկնածուին նախագահական ընտրություններում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց իրանագետ Սևակ Սարուխանյանը` հավելելով, որ միաժամանակ պարզորոշ երևաց իրանական ընդդիմության թուլությունը:
«Խորհրդարանում գործող նախագահին սատարող ուժերի թուլացումը կնպաստի, որ ավելի ուժեղանա նախագահի հնարավոր մյուս թեկնածուն` Թեհրանի քաղաքապետ Ղալի Բաֆը, ով, լինելով դասական պահպանողական թևի ներկայացուցիչ, երբեք իր հայտարարություններում չի եղել ծայրահեղական»,- նշեց իրանագետը` հավելելով, որ նրա նախագահ ընտրելու դեպքում, հնարավոր է` Իրանի նկատմամբ վարվող քաղաքականության փոփոխություն:
«Միանշանակ կարելի է ասել, որ այս խորհրդարանում հաղթել են դասական պահպանողական թևի ներկայացուցիչները, ովքեր գլխավորվում են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խոմեյնիի կողմից: Նոր պատգամավորների շարքերում լինելու են բազմաթիվ նախկին զինվորականներ ու հատուկ գործակալությունների աշխատակիցներ, որը թույլ է տալիս ենթադրել, որ իրենց դիրքորոշումներում վերջիններս լինելու են ավելի կոշտ»,- ընդգծեց Սևակ Սարուխանյանը` հիշեցնելով նախկին գումարման խորհրդարանների փորձը, որոնց ժամանակ զինվորականները միշտ կոշտ են եղել ընդդեմ Թուրքիայի:
«Սպասվում է, որ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերություններն այս փոփոխությունների արդյունքում կարող են ավելի սուր դառնալ»,- ամփոփեց նա: