ԲՀԿ-ն դեռ տեղ չի հատկացրել ՄԱԿ-ի համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռեւս հայտնի չէ, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում քանի տեղ է հատկացված Միացյալ աշխատանքային կուսակցությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 29-ին ՄԱԿ-ի համագումարից հետո կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն ասաց, որ կլինի ԲՀԿ-ի ցուցակ, որտեղ ներառված կլինեն ՄԱԿ-ի կողմից առաջադրված մի քանի թեկնածուներ:
Անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության հետ համագործակցելուն` Արսենյանն ասաց, որ վերջինս ունի պահպանողական գաղափարախոսություն, իսկ ՄԱԿ-ն` ազատական: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրես եւ ԲՀԿ գործընկերությանը` ՄԱԿ նախագահը կարծում է, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ:
ԲՀԿ եւ ՄԱԿ միասնական ցուցակով հանդես գալու նպատակը նույն քաղաքական դիրքորոշում ունեցող ուժերի միավորումն է: