Իրավունք

Երեխաների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմներ են մշակվում

3 րոպեի ընթերցում

Երեխաների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմներ են մշակվում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների իրավունքներին եւ մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան համաժողովը տեղի ունեցավ փետրվարի 28-ին: Համաժողովի նպատակն է մշակել եւ խմբավորել երեխաների առաջարկություններն իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ` դրանք հետագայում ազգային օրենսդիր եւ գործադիր մարմիններին ներկայացնելու համար:

«Ես այն մարդկանց խմբին եմ դասում ինձ, ով համաձայն է, որ երեխաները պետք է իրենց ակտիվ մասնակցությունն ունենան օրենսդրական փոփոխություններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաժողովի բացման խոսքում նշեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա խոսքով` ինքը, հազարավոր երեխաների հետ շփվելու փորձ ունենալով, միայն գրքերից եւ գրականությունից չէ, որ գիտի, թե երեխաների ներուժը որքան մեծ նշանակություն կարող է ունենալ իրենց իրավունքների պաշտպանության գործում:

«Մենք, եթե չգնանք այս ճանապարհով, բաց կթողնենք ճիշտ այն ժամանակահատվածը, երբ ձեւավորվում է մեր ապագա քաղաքացին»,-ընդգծեց Բաբլոյանը:

Համաժողովին մասնակից երեխաները ներգրաված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երեխան երախայի համար» խմբերում:

«Մենք սկսեցինք նախորդ տարվա մարտից այս տարածաշրջանային ծրագիրը: Անցել է մոտ մեկ տարի, եւ ես կարող եմ անկեղծորեն ասել, որ տեսնում եմ, թե ինչպես երեխաները կարող են փոփոխություններ մտցնել հայ հասարակության մեջ»,- ասաց Եվրամիության պատվիրակության գործառական բաժնի ղեկավար Ժան-Քրիստթոֆ Գերանդը: Նա տեղեկացրեց, որ նման ձեւաչափի նախագծերը նպաստում են երեխաների` հասարակությանը ամբողջովին ինտեգրվելուն` դառնալով վերջինսիս ակտիվ մասնակիցը:

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների համաժողովի 2008 թվականի զեկույցում նշված է, որ հաճախ երեխաների կարծիքներն անտեսվում են: Հասարակական այս մտածելակերպը, որ երեխաների տեսակները կարեւոր չեն, համաժողովի մասնակիցների հավաստմամբ` մինչ օրս լայնորեն տարածված է Հարավային Կովսակասում:

ՏՆՀԵՄ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երեխաների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք առաջատար դեր խաղան տեղական, ազգային իրավունքների պաշտպանության գործում` տարածաշրջանային մակարդակով:

Մեծահասակների օգնությամբ երեխաները նախաձեռնել եւ կյանքի են կոչել շուրջ 80 բազմաբնույթ ծրագրեր` երեխաների իրավունքներին վերաբերող տարբեր ոլորտներում: Մեկնարկած համաժողովի ընթացքում երեխաները կքննարկեն իրենց խնդիրներն ու ծրագրերը, փորձագետների օգնությամբ վերջնական տեսքի կբերերեն իրենց առաջարկները, որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարություն եւ Ազգային ժողով:

Երեխաների առանձնացրած հիմնախնդիրները վերաբերում են երեխայի մասնակցությանը, պաշտպանությանը, կրթությանը, ազատ ժամանցին, առողջությանը եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում