Ֆրանսահայերը հարգանքի տուրք կմատուցեն սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթյան ջարդերի 24-ամյա տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում փետրվարի 26-27-ինհիշատակի միջոցառումներկկազմակերպվեն: Դրանք նախաձեռնել ենՖրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը և Փարիզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Nouvelle d'Armenie»-ն, փետրվարի 26-ի առավոտյան Փարիզի Հայ Առաքելական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ, որից հետո ֆրանսահայերը ծաղկեպսակ և ծաղիկներ կդնեն Կոմիտասի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան զոհերի հիշատակին:
Փետրվարի 27-ի երեկոյան Փարիզի քաղաքապետարանի մոտ կանցկացվի սումգայիթյան ջարդերը դատապարտող ակցիա:
1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում արձանագրվեցին տասնյակ վիրավորներ և 53 սպանված, ընդ որում` սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց պաշտպանելու հայ բնակչությանը:
Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնություններ էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցավ ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:
1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում, մասնավորապես, ասվում է.
«Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80 տոկոսը կազմում են հայերը), 1923 թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, ԵԽ-ն դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»: