ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ հերթափոխն Աֆղանստանից վերադառնում է Հայաստան փետրվարի 21-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրանամանատար գեներալ Արթուր Սիմոնյանը նշեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս գերմանական հրամանատարությունը գոհ է Կունդուզում հայ խաղաղապահների ծառայությունից: «Բոլոր 40 խաղաղապահները պարգեւատրվել են ՆԱՏՕ-ի մեդալով: Նոր հերթափոխի բոլոր զինծառայողներն արդեն տեղակայվել են Կունդուզում, կատարում են առաջադրանքը եւ մտել են բնականոն գործընթացի մեջ»,-ասաց Սիմոնյանը:
Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումն ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում եւ իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Մինչեւ Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:
2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը` հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը եւ աջակցման ուժերի ռազմակայանը:
Երկու ստորաբաժանումներն էլ գործում են գերմանական զորախմբի կազմում: Եվս հինգ հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում` աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար: