Կոալիցիոն քաղաքական ուժերն սկսել են խոսել համամասնական ցուցակներում տեղերի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համամասնական ողջ ցուցակը կհրապարակի մարտի 10-ին տեղի ունենալիք համագումարին հաջորդող օրերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ցուցակների հետ կապված դեռեւս ոչ մի որոշում չի կայացվել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նշեց, որ այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մնացած բոլոր հարցերը գտնվում են քննարկման փուլում: «Օրինաց երկիր» կուսակցության մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանի խոսքով` պաշտոնապես հստակեցվել են կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: «Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, երկրորդ տեղում է շտաբի պետ Հեղինե Բիշարյանը, երրորդ տեղում` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ցուցակի հաջորդ համարների մասին տեղեկատվությունը կհաղորդվի մարտի երեքին կայանալիք համագումարից անմիջապես հետո»,-ասաց Աբրահամյանը: