Արդարադատության փոխնախարարը ժամանակավրեպ է համարում հայրուրտոկոսանոց ընտրական համակարգին անցնելու առաջարկը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրությունները հարյուրտոկոսանոց համամասնական ընտրական համակարգով անցկացնելու առաջարկությունը ժամանակավրեպ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրում ընտրակարգը փոխելուց առաջ պետք է դիտարկվի, թե որքանով է անհրաժեշտ կատարել այդ անցումը: «Դա պետք է կատարվի փուլային տարբերակով: Ընտրությունների նախաշեմին հարյուտոկոսանոց համամասնական ընտրակարգին ընտրությունների նախաշեմին անհասկանալի է: Ընտրական գործընթացներն, ըստ էության, արդեն մեկնարկել են, իսկ այս անցումն այժմ կարող է խոչընդոտել ողջ ընտրական գործընթացներին»,- նշեց փոխնախարարը: Մուրադյանի խոսքով՝ ոչ մեծամասնական, ոչ համամասնական ընտրակարգը չի երաշխավորում ընտրությունների գործընթացի արդյունավետությունը, քանի որ դա ոչ թե ընտրակարգն է ապահովում, այլ ընտրական գործընթացների կազմակերպումը` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Փոխնարարը նշեց, որ համամասնական ընտրակարգով է ձևավորվում ԱԺ-ի մեծամասնությունը, իսկ մեծամասնական ընտրակարգն անհրաժեշտ է, քանի որ այն ներկայում ունակ է ապահովելու որոշակի կապ կոնկրետ պատգամավորի և տվյալ տարածքի բնակչության միջև: «Այս պարագայում զուգակցումը համամասնական և մեծամասնական ընտրակարգերի, և սրա պահպանումը թերևս արդարացված է»,- ասաց Մուրադյանը:
Կառավարությունը փետրվարի 9-ի նիստում մերժեց մի շարք պատգամավորների՝ հարյուրտոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնությունը: