Հասարակական

Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփվեց Պանթեոնում

3 րոպեի ընթերցում

Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփվեց Պանթեոնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը` գանգի բեկորները, փետրվարի 2-ին ամփոփվեցին Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հուշապատում:

Արարողության համար Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից` բանաստեղծի շիրմից բերվել է հող: Դուրյանի մասունքի` հողի հետ խառնված սափորի ամփոփումը սկսեց հոգեհանգստյան կարգով:

«Քրիստոնյայի մասունքը հողին չհանձնելը, կարծում եմ, այնքնան էլ բարոյական չէ, եւ պետք է հասկանանք, որ Դուրյանի մասունքի ամփոփումը չի նշանակում, որ պետք է սկսենք շիրիմների ու մասունքների հայրենադարձություն»,-«Արմենպրես»-ին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Նրա խոսքով, սա արդարացված եւ ոչ միանշանակ ընդունվող որոշում էր, սակայն այն կարեւոր էր աշակերտների, ուսանողների, նրա թողած գրական ժառանգությունը գնահատողների համար:«Երեւույթը տարակարծությունների տեղիք տվեց: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս համոզված է` մենք ճիշտ որոշում ընդունեցինք, ունեցանք ուխտատեղի, ուր կարող ենք գալ եւ խոնարհվել»,- նշեցՄշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա համոզմամբ` այս որոշումը հնարավորություն է տալիս գտնել հանգուցալուծում նման հարցերի առաջացման դեպքում: «Որոշումը ուշացած չէ, պարզապես մեզ անհրաժեշտ էր կամք այն կայացնելու համար, եւ այն արված է պատեհ պահին»,- պարզաբանեց նախարարը:

Արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

1957 թ. Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ Սկյուտար թաղամասի Սբ Խաչ եկեղեցու «Պաղլարպաշը» հայոց գերեզմանատան մի հատվածը հատկացվել է նոր ճանապարհի կառուցմանը: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը հոգացել է, որպեսզի անցկացվելիք ճանապարհի վրա ընկնող շիրիմները տեղափոխվեն գերազմանատան խորքը: Նշյալ շիրիմների թվում է եղել նաեւ Դուրյանի շիրիմը` իր մահարձանով: Պատրիարք Գարեգին Խաչատուրյանի կարգադրությամբ բանաստեղծի գանգի բեկորները տեղափոխվել են պատրիարքարան եւ ավելի քան տասը տարի պահվել այնտեղ:

1969 թ-ին այն ի պահ հանձնվել է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան: 1970 թ-ին թանգարանի գիտական խորհուրդը որոշում է կայացնում դիմել մարդաբան Անդրանիկ Ճաղարյանին: Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բանաստեղծը լուսանկար չի ունեցել: Ճաղարյանը վերականգնվել է թանգարանում, այնուհետեւ գանգի ոսկրերը վերադարձել է թանգարան: Այս տարիների պարբերաբար քննարկման առարկա է դարձել Դուրյանի մասունքը ամփոփելու հարցը: 2011 թ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը առաջարկությամբ դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը` մասունքը Կոմիտասի անվան պանթեոնում անփոփելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում