Ճեղքեր` թուրք-ադրբեջանական եղբայրության մեջ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ադրբեջանական կողմի լռությունը լուրջ բողոք առաջացրեց Թուրքիայում: Այդ հարցին մեկ անգամ չէ, որ անդրադարձել են թուրք լրատվական մեկնաբանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլլիեթ» թերթում եւս հայտնվել է հոդված' «Ադրբեջանական օգնության խնդիրը» վերնագրով:
Հոդվածի հեղինակ թուրք մեկնաբան Սեմին Իդիզը նշել է, որ չնայած Ադրբեջանի Մեջլիսի նախագահի առաջին օգնական Զիյաֆեթ Ասքերովի այն հայտատարությանը, որ օրինագիծը բացասաբար է ազդելու ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների վրա, այդուհանդերձ, հայտատարությունից զատ պաշտոնական Բաքուն այլ քայլ չի ձեռնարկել' դատապարտելու ֆրանսիական Սենատի որոշումը:
Հեղինակի կարծիքով' հավանբար, ադրբեջանական քաղաքական շրջանակներում քննարկման նյութ է դարձել վերջերս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի' Բաքվում արած հայտարարությունն այն մասին, որ ֆրանսիական Սենատում ներկայացվելիք օրինագիծը կազմվելու է այնպես, որ այն ոչ մի կերպ չվնասի ադրբեջանական շահերին:
Սեմին Իդիզի դիտարկմամբ' արդեն այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանից հետո Ադրբեջան այցելեց միայն 2 ժամով, խոսում էր Ֆրանսիայի բացահայտ հայամետ քաղաքականության մասին: Մենկաբանը ցավով է նշում օրերս ադրբեջանցի քաղաքագետ Ռովշան Իբրահիմովի արած հայտարարությունը, համաձայն որի' օրինագծի ընդունման արդյունքում ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում չի սպասվում: Սեմին Իդիզն ավելացրել է, որ եթե Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի կողմից չվավերացվեցին միայն այն պատճառով, որ «զայրացնում էին Բաքվին», ապա ինչո՞ւ այժմ Ադրբեջանը նույն սրտացավությամբ չի արձագանքում ֆրանսիական օրինագծին: