Ֆուտբոլ

Վարդան Մինասյանը կարևորում է իր գործողումները տարբեր ակումբներ

3 րոպեի ընթերցում

Վարդան Մինասյանը կարևորում է իր գործողումները տարբեր ակումբներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ակումբի տեխնիկական տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ազգայինհավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 7-օրյա գործուղման էր մեկնել Իսպանիա, որտեղ իր ուսումնամարզական հավաքն էր անցկացնում Կրասնոդարի «Կուբան»-ը:Իր ուղևորության գլխավոր նպատակների մասին Վարդան Մինասյանը խոսել է ակումբի պաշտոնական կայքին տրված հարցազրույցում, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ:

-Պարոն Մինասյան, դուք ուղիղ մեկ շաբաթ ներկա գտնվեցիք «Կուբան» ակումբի ուսումնամարզական հավաքին, ինչպիսի՞ խնդիր էր դրված ձեր առջև և ի՞նչ տպավորություն ստացաք հավաքից:

-Բնականաբար, իմ առաջնահերթ նպատակը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլիի հետ հանդիպումն էր, նրան նոր միջավայրում տեսնելը: Ռուսաստանի Պրեմիեր Լիգան բոլորովին այլ մակարդակ է և ինձ համար կարևոր էր նաև տեսնել, թե ինչպես է Մարկոսն անցկացնում իր մարզումները նոր ակումբում, ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ինչ մարզավիճակում է տվյալ պահին:

-Եվ ի՞նչ գնահատական կարող եք տալ:

- Կարող եմ ասել, որ նա շատ լավ էր իրեն զգում նոր միջավայրում և որպես իսկական պրոֆեսիոնալ` հստակ կատարում էր այն աշխատանքը, որը հանձնարարվում էր մարզչական շտաբի կողմից: Պատահական չէ, որ Կուբանի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ես նշեցի, որ Մարկոսը կարող է հաջող խաղալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում: Նա ունի բոլոր նախադրյալները լավ հանդես գալու համար:

Բացի Մարկոսից այնտեղ էր նաև փյունիկցի Ղուկաս Պողոսյանը:

-Այո, երկու ակումբների միջև կար նախնական պայմանավորվածություն, որ Փյունիկի ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանը մեկ շաբաթով մեկնի ուսումնամարզական հավաքի և մասնակցի Կուբանի մարզումներին: Հենց սկզբից ասեմ, որ Կուբանում նրա մնալ-չմնալու հարցը դրված չէր: Ղուկասը պետք է մարզվեր, մերվեր նոր միջավայրին, հարմարվեր ավելի բարձր մակարդակի թիմում ամենօրյա երկու մարզումների ծանրաբեռնվածությանը: Կարող եմ ասել, որ Ղուկաս Պողոսյանը լիովին դրսևորեց իր ունակությունները և կարողացավ տպավորություն ստեղծել Կուբանի մարզիչների մոտ: Այնպես որ չեմ բացառում, որ հետագայում Ղուկասին ևս մեկ անգամ հրավիրեն կրասնոդարյան թիմ:

Նման գործուղումները կարևորո՞ւմ եք:

-Իհարկե կարևորում եմ: Նախկինում ես ակումբում և հավաքականում մարզումների հետ կապված ծանրաբեռնվածության պատճառով չէի կարող նման կարգի գործուղումների մեկնել, սակայն հիմա հնարավորությունը պետք է օգտագործել: Բացի Մարկոսին հետևելուց, անձամբ ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես է ռուսական թիմը կազմակերպում իր նախապատրաստական փուլը, ինչպիսի ծանրաբեռնվածության մարզումներ է անցկացնում, ինչ նորամուծություններ կան: Սրանք պակաս կարևոր հարցեր չեն, որոնք անհրաժեշտ են ցանկացած մարզչի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում