2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանը Եվրատեսիլ 2012»-ում ֆան ակումբի մասնակիցները սկսում են իրենց ակտիվ եվրատեսիլային գործունեությունը: Youtube կայքում հունվարի 23-ին` ժամը 18:00-ին, տեղի կունենա «Եվրատեսիլ 2012»-ի երկրպագուների կողմից պատրաստված ֆիլմի պրեմիերան:
«Ֆիլմում մենք փորձել ենք անդրադառնալ արդիական թեմայի, թե ինչպես են երկրպագուները վերաբերում երգի մրցույթին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց լուսանկարիչ-օպերատոր, «Հայաստանը Եվրատեսիլ 2012»-ում ֆան ակումբի ղեկավար Կարեն Խանթյանը:
Նրա խոսքով` երկու րոպե տեւողությամբ կարճամետրաժ ֆիլմը պատմում է, թե ինչ նշանակություն ունի մրցույթը երկրպագուների կյանքում:
Չնայած նրան, որ Հայաստանում «Եվրատեսիլ» մրցույթի երկրպագուները մեծ բանակ են կազմում` ֆիլմում նկարահանվելու համար ընտրվել են նրանցից 9-ը:
«Նախկինում եւս մենք նկարահանել ենք երկու նման ձեւաչափի ֆիլմ` «Մանկական Եվրատեսիլ»-ի թեմատիկայով»,- նշեց Խանթյանը:
«Եվրատեսիլ 2012»-ի երկրպագուների մասին պատմող ֆիլմը նկարահանվել է հունվարի 22-ի երեկոյան` Երեւանի Հյուսիսային պողոտայում: Պատրաստ է նաեւ «Հայաստանը Եվրատեսիլ 2012»-ում ֆան ակումբի` սոցիալական կայքերի համար նախատեսված պաստառը:
Ֆան ակումբի ղեկավարը վստահեցրեց, որ «Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանի պատվիրակի անունը հայտնի դառնալուց հետո ակումբը նոր անակնկալներ կմատուցի մրցույթի սիրահարներին, ինչպես վիրտուալ տիրույթում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: