Ֆուտբոլի մրցավարներն ուսումնական հավաքի են մեկնում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մրցավարներն ուսումնական հավաքի կմեկնեն Անթալիա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հունվարի 25-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները հավաք կանցկացնեն Թուրքիայում: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և ֆիզպատրաստության պարապմունքներ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասարկել երկու ստուգողական հանդիպում: Մրցավարների մարզումները կանցկացնի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը, օգնականների պարապմունքները կվարի ՀՖՖ տեսուչ Արշակ Կնյազյանը:
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները սպասարկող մրցավարները մեկնելուց առաջ հավաք են անցկացնում Ֆուտբոլի Ակադեմիայում: Սա հունվարին անցկացվող արդեն երրորդ հավաքն է: Հավաքների ընթացքում հիմնական շեշտը դրվել է ֆիզպատրաստության բարելավման վրա: Մարզումներն անցնում են ֆիզպատրաստության մարզիչ Տիգրան Սիմոնյանի գլխավորությամբ: