Մշակույթ

Հայ մտավորականների պատվիրակությունը մեկնում է Թբիլիսի` պարզելու Թումանյանի տան հետ կապված իրարամերժ հարցերը

2 րոպեի ընթերցում

Հայ մտավորականների պատվիրակությունը մեկնում է Թբիլիսի` պարզելու Թումանյանի տան հետ կապված իրարամերժ հարցերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ մտավորականների պատվիրակությունը հունվարի 19-ին կմեկնի Թբիլիսի՝ Հովհաննես Թումանյանի տան հարցում առկա իրարամերժ խնդիրներին ծանոթանալու և լուծումներ գտնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Թումանյանի տան հարցում առկա են իրարամերժ տեղեկություններ: Դա է պատճառը, որ խնդիրը քննարկեցինք ՀՀ վարչապետի հետ, որոշվեց, որ մտավորականները Լևոն Անանյանի գլխավորությամբ կմեկնեն Թբիլիսի՝ պարզելու բոլոր հանգամանքները»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

Նրա խոսքով` այն, որ տարիներ շարունակ կառավարությանն առաջարկվել է գնել Թումանյանի տունը, իրականությանը չի համապատասխանում: «Միայն վերջին ժամանակներում սկսվեց խոսվել այն մասին, որ այդ տարածքը վաճառվում է համապատասխան մարդկանց կողմից։ Միաժամանակ, պետք է նշել, որ ով ցանկանում է գնել այն, չի կարողանա տարածքը օգտագործել որևէ նպատակով, եթե չգնի այն հատվածը, որն այսօր պատկանում է Թումանյանի ընտանիքին: Շատ կարևոր է, որ ընտանիքը երբևէ չմտածի տարածքը վաճառելու մասին»,- ասաց մշակույթի նախարարը:

Նախարարը նկատեց, որ Թբիլիսիի Սուրբ նշան եկեղեցու պարագայում էլ ասվում էր մի բան, սակայն ի հայտ եկան այլ հանգամանքներ: «Խոսք էր գնում, որ եկեղեցին դիտմամբ է հրկիզվել, սակայն մեր մասնագետները տեղում պարզեցին, որ նման բան չկա: Այսինքն, երկու բառով երկու երկրների ժողովուրդների միջև խնդիրներ են առաջացվում: Շեշտադրումները պետք է զգույշ կատարենք, որովհետև խաղ ենք անում երկու հարևան երկրների բարեկամության հետ: Դրա համար էլ ցանկացած պարագայում մասնագետների ենք գործուղում, որպեսզի անձամբ պարզեն իրականությունը»,- նշեց Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի` վրացական կողմն արդեն գումարներ է նախատեսել եկեղեցու ամրակայման համար: Այժմ երկուստեք` հայ և վրացի մասնագետներն աշխատում են եկեղեցու ամրակայման նախագծի շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում