Բիչախչյանը գոհ է թիմի նորեկներից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը գոհ է թիմի նորեկներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Շիրակ»-ի պաշտոնական կայքը, Բիչախչյանը նշել է. «Նախորդ տարվա վերջում մենք պայմանագիր կնքեցինք դարպասապահ Արթուր Հարությունյանի և պաշտպան Հովհաննես Գրիգորյանի հետ:Մենք նրանց երկուսին էլ ճանաչում էինք, նրանք արդեն բավական երկար հանդես են գալիս Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Երկուսից էլ գոհ եմ, նրանք շատ նվիրումով և ջանասիրաբար են մարզվում»,- ասել է նա:
Բիչախչյանը դժվարացել է առայժմ հստակ որևէ բան նշել սենեգալցի կիսապաշտպան Իբրահիմ Կանի հնարավորությունների մասին: «Այսօր առավոտյան նա մարզվեց, սակայն դա նրա առաջին լիարժեք անցկացրած մարզումն էր: Մինչ ստուգողական հանդիպումը կհետևենք նրան, իսկ ստուգողական հանդիպմանը նրան խաղային ժամանակ կտրամադրենք, որպեսզի նա կարողանա դրսևորել ինքն իրեն և արդեն դրանից հետո կորոշենք`կմնա նա, արդյոք, թիմում, թե` ոչ»,- հայտարարել է Բիչախչյանը:
Հունվարի 22-ին «Շիրակ»-ն իր առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի Երևանի «Բանանց»-ի հետ: Հանդիպումը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկի վրա: