Մարկոսն ուրախ է ՌԴ Պրեմիեր լիգայում կարողությունները փորձելու հնարավորության համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Մետալուրգ»-ից Կրասնոդարի «Կուբան» իր տեղափոխությունը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին լավ հնարավորություն է համարում կարողություները ՌԴ Պրեմիեր լիգայում փորձարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքէջը, Մարկոսը նշել է, որ գնահատում է այն հնարավորությունը, որն իրեն տվել է Դոնեցկի ակումբը: «Արձակուրդի ընթացքում մտածում էի թիմի, Դոնեցկում ունեցած ընկերներիս մասին: Ֆուտբոլային կյանքն անկանխատեսելի է: Ինձ հրավիրեցին «Կուբան»-ից, և սա լավ հնարավորություն է ինձ համար ցուցադրելու կարողություններս կրասնոդարյան ակումբում և ՌՊԼ-ում: Վերջում ուզում եմ ջերմ խոսքեր ասել նաև այն մարդկանց, որոնք օգնում էին ինձ «Մետալուրգ»-ում»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:
Մարկոսը կրասնոդարյան ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր: Բրազիլացին «Մետալուրգ» էր տեղափոխվել նախորդ տարվա ամռանը' «Փյունիկ»-ից:
Ուկրաինայի առաջնության առաջին փուլից հետո Մարկոսը 18 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ և կատարել մեկ գոլային փոխանցում:
«Մետալուրգ»-ում են հանդես գալիս նաեւ ՀՀ ընտրանու կիսապաշտպաններ' Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը: