3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով երկրորդ դատական լսումը:
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այսօր դատական լսման ընթացքում սկսվեց գործով վկաների եւ տուժող կողմի ներկայացուցիչ` Ժիրայր Կարապետյանի քննությունը:
Պատասխանելով դատարանի հարցերին` տուժող կողմի ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը նշեց, որ իր` Ճանապարհային Ոստիկանության իրավաբանական հարցերով բաժանմունքում աշխատանքի ընթացքում չեն ստացել դիմում-բողոքներ, որոնց համաձայն ՃՈ ենթակայության տակ գտնվող մեքենաները չունեն վառելիք:
Նշենք, որ գործով առաջին լսումը տեղի է ունեցել հունվարի 9-ին: 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: Քրեական գործով անցնում են նաեւ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը, Սամվել Մախմուրյանը:
Ստեփան Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, միջոցներ տրամադրելով և խոչրնդոտներ վերացնելով, օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Սարգար Օհանյանին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վերջինիս վստահված ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանր, բացի այդ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է իրեն վստահված՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առանձնապես խոշոր չափերով գույքր, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում։ Արա Լևոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նրան վստահված՝ ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանը։ Սամվել Մախմուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա աշխատելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքում որպես տեխնիկ, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանին պաշտոնեական ղիրքի օգտագործմամբ, վերջինիս վստահված՝ ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանը: