ՀՀ Նախագահը մասնակցեց «Նոյան» նոր գործարանի հիմնարկեքի արարողությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցեց Բաղրամյան շրջանի Վանանդ համայնքում կառուցվող «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքի արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրապետության ղեկավարին ներկայացվեցին ընկերության գործունեության արդյունքներն ու այդ տարածքում ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերը:
«Վանանդի տարածքում կան խոշոր ֆերմերային տնտեսություններ, որոնք կարող են մեզ մատակարարել անհրաժեշտ հումքով»,- ասաց «Եվրոթերմ» ընկերության գործադիր տնօրեն Էդիկ Ղազրյանը:
«Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման եւս մեկգործարան, որը պատկանում է «Եվրոթերմ» ընկերությանը, հիմնադրվել եւ գործել է դեռևս 1998թ-ին: Ղազարյանը նշեց նաև, որ իրենց ընկերությունը մրգի և բանջարեղենի խյուս է մատակարարում մանկական սնունդ արտադրող ընկերություններին, ինչպես նաև արտադրում է հյութեր:
Վանանդ համայնքում գործարանի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը 2.5-3.5 մլն դոլար է: Գորածարանը աշխատատեղերով կապահովի 50 հոգու: Շինարարությունը կավարտվի այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին: Գործարանի կառուցման նպատակով «Եվրոթերմ» ընկերությունը ձեռք է բերել 130 հա հողատարածք:
Գործարանի արտադրանքը իրացվում է ոչ միայն ներքին շուկայում, այլև արտահանվում է, եւ, ինչպես նշեց Էդիկ Ղազարյանը, հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է:
Գործարանը հնարավորություն կունենա մեկ օրվա ընթացքում վերամշակելու 150 տոննա միրգ և 60 տոննա խտանյութ: Սեզոնին այն կարող է ստանալ 7500 տոննա պատրաստի արտադրանք: