Ֆուտբոլ

«Բանանց»-ի լեգեոներներից թիմում կմնա միայն Դու Բալան

2 րոպեի ընթերցում

«Բանանց»-ի  լեգեոներներից թիմում կմնա միայն Դու Բալան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ը վերսկսել է մարզումները տոներից հետո: Դրանք անցկացվում են ակումբի սեփական մարզաբազայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, Ռաֆայել Նազարյանի ու մարզչական շտաբի գլխավորությամբ «Բանանց»-ի մարզումներին մասնակցում են տեղի ֆուտբոլիստները: Արդեն պարզ է դարձել, թե նախորդ առաջնության կազմից որ ֆուտբոլիստները չեն լինելու թիմի կազմում:

Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը ուկրաինացի պաշտպան Յարեմա Կավացիվի հետ, թիմում հանդես չի գա նաև բրազիլացի հարձակվող Բրունո Կորրեան, ում հետ վարձավճարով պայմանագրի ավարտից հետո նոր պայմագիր չստորագրվեց: Մեկ այլ բրազիլացի' Բետոն, հունվարի 12-ին մեկնելու է Ուկրաինա` «Ալեքսանդրիա» թիմում փորձաշրջան անցնելու համար:

Լեգեոներներից միայն Դու Բալան է հանդես գալու «Բանանց»-ի կազմում, ում հետ ակումբն ունի գործող պայմանագիր: «Բանանց»-ում իր աշխատանքն է վերսկսելու դարպասապահների մարզիչ Նիկոլայ Դոնևը, ով ժամանակին արդեն աշխատել է թիմում: Ակումբում շարունակվելու է սելեկցիան, բայց թիմը կարող է համալրվել բացառապես տեղի կադրերով ու հիմա «Բանանց»-ի մարզումներն անցկացնում է ընդլայնված կազմով:

Հաստատվել է նաև թիմի նախապատրաստական փուլի ծրագիրը: Ուսումնամարզական առաջին հավաքը «Բանանց»-ն անցկացնելու է Երևանում: Թիմը հունվարի 29-ից մինչև փետրվարի 9-ը հանգրվանելու է ֆուտբոլի ակադեմիայում: Արտագնա առաջին հավաքը «Բանանց»-ը կանցկացնի փետրվարի 16-ից մինչև մարտի 1-ը: Այդ ժամանակահատվածում մեր թիմը մարզվելու է Անթալիայում: Իսկ վերջին հավաքը նախատեսված է անցկացնել մարտի 5-17-ը նույնպես Անթալիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում