Իրավունք

Մարգար Օհանյանի գործով առաջին դատական լսումն սկսված է

3 րոպեի ընթերցում

Մարգար Օհանյանի գործով առաջին դատական լսումն սկսված է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարության առաջին լսումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Մեղադրանքը ներկայացնում է ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Մասնավորապես` 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: Քրեական գործով անցնում են նաեւ Ստեփան Կարախանյանը, Արա Լևոնյանը, Սամվել Մախմուրյանը: Ստեփան Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, միջոցներ տրամադրելով և խոչրնդոտներ վերացնելով, օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Սարգար Օհանյանին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վերջինիս վստահված ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանր, բացի այդ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է իրեն վստահված՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առանձնապես խոշոր չափերով գույքր, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում։ Արա Լևոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նրան վստահված՝ ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանը։ Սամվել Մախմուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա աշխատելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքում որպես տեխնիկ, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանին պաշտոնեական ղիրքի օգտագործմամբ, վերջինիս վստահված՝ ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում