Երկրաշարժից տուժած ամենաաղքատ համայնքներից Ամասիան նոր մանկապարտեզ եւ առողջության կենտրոն ունի /լրացված/
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ 1988թ. ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանի ամենաաղքատ համայնքներից մեկում' Ամասիայում, այսօր բացվեցին համայնքի մանկապարտեզի եւ առողջության կենտրոնի հիմնանորոգված շենքերը: Վարչապետը շրջեց հաստատություններով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ամասիայի մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու 60 երեխայի, շենքի հիմնանորոգումը իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Առաջին հարկում տեղակայված են մանկապարտեզի վարչական հատվածները, նաեւ բուժկետը, խաղասենյակը, հավաքատեղին, համակարգչային սենյակը, երկրորդ հարկն ամբողջությամբ նախատեսված է մանկապատեզի երկու երեսուն հոգանոց խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի ննջարան, խաղասենյակ, հանդերձարան, սանհանգույց, երկրորդ հարկում տեղակայված է նաեւ ութսուն հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճ, որը կարող է օգտագործվել նաեւ համայնքային նշանակության հանդիսավոր իրադարձությունների համար: Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքն է 100 միլիոն դրամ:
Ամասիայի առողջության կենտրոնը սպասարկում է համայնքի եւ նրան հարակից բնակավայրերի շուրջ 9 հազար բնակչի: Կենտրոնն ունի ծննդատուն, պոլիկլինիկա եւ շտապօգնության ծառայություն, որոնք համալրված են անհրաժեշտ բուժսարքավորումներով: Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 88 միլիոն դրամ է:
Վարչապետն այցելել է նաեւ Ամասիայի տեքստիլ արդյունաբերության գործարան: Նրան ներկայացվել է WKS գործարանի արտադրական գործընթացը: Օգոստոսից բացված գործարանն ունի 105 աշխատող, որի արտադրությունն ամբողջությամբ արտահանվում է Գերմանիա: