Իրավունք

Բռնության հետեւանքով մահացած կանանց հիշատակի օրը կնշանավորվի նաեւ Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Բռնության հետեւանքով մահացած կանանց հիշատակի օրը կնշանավորվի նաեւ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ը Բռնության հետեւանքով մահացած կանանց հիշատակի օրն է: Այդ օրվան Կանանց իրավունքների կենտրոնը մեծ ուշադրությամբ է պատրաստվում:

Օրվա շրջանակներում կցուցադրվի «Հանուն կյանքի» ֆիլմը, որտեղ կներկայացվեն բռնության ենթարկված հինգ տարբեր կանանց պատմություններ:

«25 րոպե տեւողությամբ ֆիլմը ներկաներին եւս մեկ անգամ կհիշեցնի բռնության ենթարկված կանանց խնդիրների մասին: Ֆիլմը բռնության մասին է, բայց ոչ բռնության տեսարաններով», -»Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը:

Ֆիլմի շնորհանդեսի ընթացքում տղամարդկանց կբաժանվեն սպիտակ ժապավեններ, որոնք փակցնելով, տղամարդիկ ցույց կտան իրենց ժխտողական վերաբերմունքը կանանց դեմ իրականացվող բռնությունների նկատմամբ եւ կմատուցեն իրենց հարգանքի տուրքը բռնությանը զոհ գնացածներին:

Դեկտեմբերի 8-ին եւ 9-ին Հայաստանի նկարիչների միությունում «Երջանիկ ընտանիք» խորագրով լուսանկարների մրցույթին ոչ պրոֆեսիոնալ եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչները կցուցադրեն իրենց նկարներն այս թեմայով: Մասնագետներից կազմված ժյուրին լավագույն երեք լուսանկարների հեղինակներին կհանձնի դրամական պարգեւներ:

««Երջանիկ ընտանիք» խորագրով լուսանկարների մրցույթով էլ կանանց իրավունքների կենտրոնը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի շրջանակներում կեզրափակի իր միջոցառումների շարքը»,-ասաց Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում