1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի շրջանակներում դեկտեմբերի 3-ին կներկայացվի աննախադեպ հրավառություն-ներկայացում, որը շրջապատելու է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը ողջ երկայնքով:
«Այն սովորական հրավառություն չէ: Առաջին անգամ Մարզահամերգային համալիրի շուրջը տեղի կունենա արտասահմանյան մասնագետների կողմից պատրաստված հրավառություն-ներկայացում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի կազմկոմիտեի մամլո քարտուղարի տեղակալ Տիգրան Դանիելյանը:
«Արմենպրես»-ը Ձեր ուշադրությանն է ներկայացում աննախադեպ հրավառության արտապատկերումը, որի իրականացումը կտեսնեք դեկտեմբերի 3-ին: Նկարահանումների իրականացման համար օգտագործվելու են ուղղաթիռներ: «Մանկական եվրատեսիլ 2011»-ի կազմկոմիտեն վստահեցնում է, որ դեկտեմբերի 2 եւ 3-ին փակ տանիքի տակ կայանալիք մրցույթը դեռ շատ անակնկալներ ունի հանդիսատեսի եւ հեռուստադիտողների համար: