Հարցազրույց

Լամբերտո Զաննիեր. Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը միակ կենսունակ ձեւաչափն է

11 րոպեի ընթերցում

Լամբերտո Զաննիեր. Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը միակ կենսունակ ձեւաչափն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թ. հունիսի 30-ին իտալացի դիվանագետ Լամբերտո Զաննիերը դարձավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար` այդ պաշտոնում փոխարինելով վեց տարի պաշտոնավարած Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին: ԵԱՀԿ մարտահրավերների ու նպատակների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ին բացառիկ հարցազրույց է տվել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը:

-Պարոն գլխավոր քարտուղար, ԵԱՀԿ-ն ստեղծվել էր` ապահովելու համար համագործակցություն եւ անվտանգություն Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ: Ի՞նչ եք կարծում` արդյոք կազմակերպությանը հաջողվել է հասնել իր այս հիմնարար նպատակի իրականացմանը:

-ԵԱՀԿ տարածքում իրադրությունն արմատապես փոխվեց 1975թ-ից` Հելսինիկիի եզրափակիչ ակտի ընդունումից հետո: ԵԱՀԿ իր դրական ներդրումն է ունեցել այս տարածաշրջանում տեղի ունեցած բազմաթիվ դրական փոփոխությունների մեջ: Օրինակ` Սառը պատերազմի ընթացքում (այն ժամանակ կազմակերպությունը կոչվում էր ԵԱՀԽ) կազմակերպությունն օգնեց նվազեցնել ռազմական լարվածությունը եւ օժանդակեց քաղաքացիական հասարակությանը` մարդու իրավունքների համար պայքարի հարցում. մենք օգնել եւ շարունակում ենք օգնել անցումային շրջանում գտնվող պետություններին: Նախկին Հարավսլավիայում մեր դաշտային առաքելությունն օգնեց հակամարտությունից հետո վերակառուցման եւ ժողովրդավարացման ջանքերին` այդ պետություններին առավել մոտեցնելով եվրոպական ինտեգրման իրենց նպատակին:

Այս տարի մեր տարածաշրջանի շատ երկրներ տոնում են իրենց անկախության 20-ամյակը: Դա վերաբերում է նաեւ ԵԱՀԿ-ում այժմ նախագահող Լիտվային, որի քաղաքացիներն այսօր ունեն իրավունքների եւ ազատությունների այնպիսի մակարդակ, որոնց մասին չէր կարելի մտածել մեկ սերունդ առաջ:

Այսպիսով, մենք կարող ենք նշել շատ զարգացումներ անվտանգության եւ համագործակցության ոլորտում եւ ոչ միայն պետական, այլեւ անհատական եւ համայնքային մակարդակներում: Մյուս կողմից, դեռեւս առկա են հին ու նոր մարտահրավերներ, որոնց մենք պետք է դիմակայենք միասնաբար` հիմնվելով անցած տարի Աստանայում ԵԱՀԿ 56 պետություների ձեռք բերած համաձայնության եւ Եվրաատլանտյան ու Եվրասիական անվտանգության համայնքի վրա:

-Որո՞նք են այսօր կազմակերպության ամենամեծ մարտահրավերները: Ի՞նչ գործիքներ է մշակում ԵԱՀԿ-ն դրանց դիմագրավելու համար:

-21-րդ դարում անվտանգության սպառնաիլքները փոխվել են: ԵԱՀԿ-ն ավելի ու ավելի կենտրոնանում է անդրազգային սպառնալիքների վրա, ինչպիսիք են ահաբեկչությունը, թրաֆիքինգը եւ կազմակերպված հանցավորության այլ տեսակները, ինչպես նաեւ այն լարվածության վրա, որն առաջանում է էներգետիկ անվտանգության եւ շրջակա միջավայրի հետ կապված մարտահրավերների հետ: Այս նոր սպառնալիքներին կարելի է դիմագրավել պետությունների համատեղ ջանքերով: Այսպիսով, համագործակցությունն այսօր ավելի կարեւոր է, քան երբեւէ: Այն պետք է կայանա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ աշխատանքային մակարդակում տարբեր գործակալությունների ու կազմակերպությունների միջեւ համագործակցություն հաստատելով:

Մենք նաեւ ճանապարհներ ենք փնտրում բարձրացնելու համար կազմակերպության օպերատիվ արդյունավետությունը: Այս տարի ԵԱՀԿ Լիտվայի նախագահությամբ մենք ունեցանք մի շարք քննարկումներ, թե ինչպես պետք է առավել արդյունավետորեն աշխատենք հակամարտությունների եւ դրանց բոլոր փուլերի հետ: Մենք փորձում ենք ձեւեր մշակել, թե ինչպես պետք է արձագանքենք վաղ նախազգուշացումների դեպքերում` բյուրեղացնելով անհրաժեշտ քաղաքական կամքը հակամարտությունների եւ նախակոնֆլիկտային իրավիճակներում:

-ԵԱՀԿ երկարատեւ աշխատանք է տարել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումն ապահովելու համար: Ձեր գնահատմամբ` որո՞նք էին տարածաշրջանում նրա ամենամեծ ձեռքբերումները, ու որոնք են այն մարտահրավերները, որ դեռեւս առկա են:

- Տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն մեծ աշխատանք է կատարել կայուն եւ տեւական անվտանգության պահովման համար: Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որ դեռ ունի մարտահրավերներ անվտանգության ոլորտում: Վստահության կառուցումն ու հաշտեցումը երկար գործընթացներ են եւ կարող են ունենալ հետընթացներ: Մենք բոլորս կցանկանայինք տեսնել արագ առաջընթաց, սակայն համբերություն ու հաստատակամություն է անհրաժեշտ առաջընթացն ապահովող վստահությունը կառուցելու համար: ԵԱՀԿ-ն տարածաշրջանի բոլոր «բաժնետերերի» տրամադրության տակ է դրել հակամարտությունների կանխարգելման իր գործիքներն ու մեխանիզմները եւ շարունակելու է գործել անվտանգության, կայունության եւ բարգավաճման ամրապնդման նպատակով:

- Անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի խնդրին: Արդեն բավական ժամանակ է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է այս հարցի կարգավորմամբ, իսկ Ադրբեջանը փորձեր է անում փոխելու բանակցությունների ձեւաչափը: Ինչպե՞ս եք գնահատում նման քայլերը:

-Գայթակղություն կա կենտրոնանալու ձեւաչափերի վրա, սակայն ես գերադասում եմ կենտրոնանալ բանակցությունների էության վրա: Մենք տեսել ենք առաջընթաց քայլեր Մինսկի խմբի ձեւաչափում, երբ եղել է քաղաքական կամք, եւ ես հաստատակամորեն հավատում եմ, որ հանձնառությամբ ու բարի կամքով առաջընթացը հնարավոր է:

- Միջազգային հանրությունը միշտ պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեւավորված ստատուս-քվոն պետք է փոխվի: Ձեր կարծիքով` որո՞նք են այն մեխանիզմները, որոնք պետք է կիրառվեն այդ նպատակին հասնելու համար:

- Այս ընթացքում շատ միջադեպեր են գրանցվել շփման գծում. միայն այս տարի եղել է մահվան ելքով ավելի քան 20 դեպք: Այսպիսով` ո’չ, մենք չենք կարող նման կերպ շարունակել: ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը կոչ է արել կողմերին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, եւ, բնականաբար, ես աջակցում եմ այդ հայտարարությանը:

Ես նաեւ կկարեւորեի վստահության կառուցմանն ուղղված այն միջոցները, որոնք նախագահները համաձայնեցրել են Աստրախանում եւ Սոչիում: ԵԱՀԿ-ն պատրաստ է օժանդակելու այդ միջոցների իրականացմանը:

- Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն գրեթե ամեն օր: Չե՞ք կարծում, որ նման պայմաններում բարդանում է հակամարտության կարգավորումը, եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նման հռետորաբանությունը բացառելու համար:

- Երկու կողմերը շարունակաբար համաձայնել են այն հարցում, որ խաղաղ կարգավորումը միակ երկարաժամկետ լուծումն է: Խնդրի կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է համբերություն եւ վճռականություն: Քաղաքական գործիչներից համարձակություն է պահանջվում խաղաղության օգտին խոսելու եւ իրենց ժողովուրդներին փոխզիջումների պատրաստելու համար, ուստի ես կոչ կանեի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին հրապարակայնորեն օժանդակել խաղաղությանը:

- 2012-2013 թվականներին ընտրություններ են սպասվում ոչ միայն Հայաստանում եւ Ադրբեջանում, այլ նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրներում: Հնարավոր համարո՞ւմ եք առնվազն մինչ ընտրությունները Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը:

-Հիմա առկա է այդ հնարավորության պատուհանը, եւ ես կոչ եմ անում երկու կողմերին ջանք գործադրել եւ այն բաց չթողնել: Մինսկի խմբի համանախագահները` միջազգային հանրության օժանդակությամբ մեծ աշխատանք են կատարում Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում, եւ այս հարցում ես մնում եմ լավատես:

-Ձեր վերջին հարցազրույցներից մեկում Դուք նշել էիք, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Ինչպե՞ս եք Դուք դա պատկերացնում` հաշվի առնելով, որ Թուրքիան միակողմանի աջակցություն է ցույց տալիս հակամարտության կողմերից մեկին:

- Թուրքիան իր դերն ունի որպես Մինսկի խմբի անդամ երկիր, որն էլ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ առաջնորդում է ԵԱՀԿ-ի ջանքերը այս ձգձգված հակամարտությանը քաղաքական լուծում տալու հարցում: Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը միակ կենսունակ ձեւաչափն է, որ ընդունվում է բոլորի կողմից: Ցանկացած բանակցային ձեւաչափ պետք է համաձայնեցնեն բանակցող կողմերը, եւ դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ինչպես ցանկացած բանակցության մեջ, այստեղ էլ անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր գործոնները, այդ թվում` տարածաշրջանային զարգացումները: Եվ եթե հակամարտությունը սառեցված է մնացել, ապա ընդհանուր իրադրությունը տարածաշրջանում փոխվել է: Այս հանգամանքը եւս պետք է հաշվի առնվի: Փաստորեն, տարածաշրջանի բոլոր հիմնական խաղաղցողների հարաբերությունների բարելավումը առավել բարենպաստ պայմաններ կստեղծի առաջընթացի համար: Եթե Թուրքիան ձգտում է խաղալ առավել նկատելի դեր, հաշվի առնելով իր գեոստրատեգիկ դիրքը, դա կարող է տեղի ունենալ միայն այն պարագայում, երբ համաձայն կլինեն բոլոր անհրաժեշտ կողմերը:

Այս ուղերձը ես տարել եմ նաեւ Թուրքիա` շեշտելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կնպաստի հաշտեցմանը, իսկ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ առավել բաց շփումները առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն հակամարտության կարգավորման համար: Եվ եթե դա տեղի ունենա, ապա ես, իհարկե, կողջունեմ այդ քայլը:

Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի

Լուսանկարը` ԵԱՀԿ պաշտոնական կայքից

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում