ՀՀ վարչապետը Եվրոպայի ամենամեծ քաղաքական ուժի ասամբլեային բացահայտում է ամենաթափանցիկ ընտրություններն անցկացնելու Երեւանի հանձնառությունը
3 րոպեի ընթերցում
ԲՐՅՈՒՍԵԼ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ԵԺԿ քաղաքական ասամբլեային մասնակցող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ և արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այս հարցում վարչապետը կարևորել է նոր ընտրական օրենսգիրքն ու հանրային ծառայությունների մասին օրենքը, որոնք թափանցիկ են դարձնելու պետական պաշտոնյաների գործունեությունը:
Բրյուսելից «Արմենպրեսի»թղթակիցը հաղորդում է, որ Կառավարության ղեկավարը ԵԺԿ քաղաքական ասամբլեայի ընթացքում խոսել է Հայաստանի Հանրապետության Եվրոպական ինտեգրման քաղաքականության, ինչպես նաև ՀՀԿ ԵԺԿ-ին անդամակցության հեռանկարների մասին: Կառավարության ղեկավարը անդրադարձել է տնտեսական ու կառուցակարգային այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում: «Այսօր աշխարհում փոփոխությունը տեղի է ունենում ավելի արագ, քան երբևէ: Հետեւաբար, Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ վերափոխման իրականացումը: Այժմ պարզ է, որ ԵՄ տեխնիկական աջակցությունն ու ֆինանսական օժանդակությունը կարեւորագույն նշանակություն են ունենալու արագ եւ էական առաջընթաց ապահովելու համար»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` այս համատեքստում ԵՄ կողմից առաջարկված Արեւելյան գործընկերությունը կենսական գործիք է, որը կարող է խթանել տրանսֆորմացիոն գորընթացը: «Մենք վերահաստատում ենք մեր մտադրությունը ԵՄ հետ մեր տնտեսական եւ քաղաքական ինտեգրումն առավել զարգացնելու առումով, եւ մեր երախտիքն ենք հայտնում օժանդակության համար: Ներկայում ԵՄ հետ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի շուրջ եւ սկսում ենք Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բականցությունները»,- ասել է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվում են լրջագույն բարեփոխումներ, որոնք տեսանելի են հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին ու հայ-թուրքական հարաբերություններին` վերահաստատելով առանց նախապայմանների Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու պաշտոնական Երևանի պատրաստակամությունը: Ամփոփելով խոսքը` վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ, մասնակցել է ԵԺԿ քաղաքական ասամբլեային եւ իր կեցավայրում ընդունել Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի անդամներին: