Տիգրան Սարգսյան. «Մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որ հայ-վրացական հարաբերությունները զարգանան դինամիկ ձեւով»
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական գործիչների մեկնաբանությունների վերաբերյալ Հայաստանը պետք է լինի շատ զգուշավոր, պետք է ամեն ինչ անենք, որ հայ-վրացական հարաբերությունները զարգանան, ընդլայնվեն, որովհետեւ դա բխում է հայ ժողովրդի շահերից: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով' նման ամբիոնից նպատակահարմար չէ այնպիսի արտահայտություններ հնչեցնել, այնպիսի գնահատականներ տալ, որոնք չեն նպաստում հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
«Մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որ հայ-վրացական հարաբերությունները զարգանան դինամիկ ձեւով: Մենք ունենք նորմալ հարաբերություններ Վրաստանի քաղաքական իշխանությունների հետ եւ մտադիր ենք երկկողմ, դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ խորացնել եւ ընդլայնել մեր հարաբերությունները»,- հավաստիացրեց կառավարության ղեկավարը: Նրա խոսքով' հայ-վրացական հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, որոնք ստանում, են լայն արձագանք, արժանանում են տարբեր սուր գնահատականների, բայց քաղաքական գործիչները չպետք է տրվեն էմոցիաներին, այլ դիվանագիտական խողովակներով երկկողմ հարաբերությունների միջոցով այդ բոլոր խնդիրների համար գտնեն լուծումներ ու շտկեն դրանք: Ըստ վարչապետի' բազմիցս եղել են խնդիրներ, որոնք քննարկումների արդյունքում ստացել են իրենց լուծումները:
«Միջկառավարական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատում, եւ մեր վրացի գործընկերները շատ լավ են հասկանում' այս հարցում կան նրբություններ, ու մենք պարտավոր ենք, այդ թվում' նաեւ բարձր մակարդակով, զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն նպաստում մեր բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը: