Փաստ մեկնաբանությամբ

Ռազմական փորձագետ. «Ի. Ալիեւի հայտարարությունը զավեշտալի է եւ ժպիտ առաջացնող»

2 րոպեի ընթերցում

Ռազմական փորձագետ. «Ի. Ալիեւի հայտարարությունը զավեշտալի է եւ ժպիտ առաջացնող»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, ըստ որի' Հայաստանի կազմակերպած զորահանդեսում տանկերն անցել են քարշակներով, քանի որ սարքին չեն եղել, զավեշտալի եւ անհեթեթ է, որը լուրջ մասնագետի մոտ միայն ժպիտ կառաջացնի: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ի. Ալիեւի հայտարարությունը, այս մասին նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նրա խոսքով' ադրբեջանական քաղաքական շրջանակների գեներացված միտքն ավելի հզոր փաստարկներ, քան իբր Հայաստանի տանկերի սարքին չլինելն է, հորինել չկարողացավ: «Սա ստանդարտ ադրբեջանա-թուրքական մտածելակերպ է»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

Ադրբեջանի նախագահը Հայաստանին անվանել է նաեւ ֆորպոստ' նկատի ունենալով այն, որ Երեւանում անցկացված զորահանդեսին մասնակցել է Հայաստանում ռուսական սահմանապահ զորքը:

«Նախ, որ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը վարկաբեկելու նպատակով Ադրբեջանում պիտակ են փորձում կպցնել, հայտնի բան է: Նրանք հայ-ռուսական հարաբերությունները ներկայացնում են իբրեւ ստորադաս-վերադասի կոնտեքստում, եթե այդպես է, ապա Ադրբեջանն էլ British-petrolium-ի ֆորպոստն է' ընդամենը մի տարածք, որտեղից նավթ են արտահանում եւ ոչ ավելին: Մինչդեռ հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը երկու երկրների ռազմավարական շահերի վրա է հիմնվում: Որքան Հայաստանն է շահագրգռված Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ, այնքան էլ ՌԴ-ն: Այսինքն' ադրբեջանական սադրանքներին տրվել չի կարելի»,- ընդգծեց Դ. Ջամալյանը:

Նա ավելացրեց նաեւ, որ ՀՀ զինված ուժերը զորահանդեսում ամեն ինչ չէ, որ ցուցադրել է: «Ներկայացվել է այն, ինչ հարկ է համարվել, այն, ինչ միանգամայն բավարար է ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, այն, որքան բավարար էր ագրեսիվ նկրտումները զսպելու համար»,- ասաց փորձագետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում