Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանցի դեռահաս աղջիկները տառապում են գիրության, տղաները` նիհար լինելու բարդույթով

3 րոպեի ընթերցում

Հայաստանցի դեռահաս աղջիկները տառապում են գիրության, տղաները` նիհար լինելու բարդույթով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի դեռահաս աղջիկները տառապում են գիրության, տղաները' նիհար լինելու բարդույթով: «Ակտիվ բժշկական համալիր» կենտրոնի հնգամյա հետազոտության արդյունքներով, որին մասնակցել են մայրաքաղաքի եւ բոլոր մարզերի 4300 դեռահասներ, հարցվածների մեկ վեցերորդը'գերակշռությամբ աղջիկներ, համարում է, որ իր մարմինն ավելորդ զանգված ունի, իսկ 20 տոկոսը' տղաների գերակշռությամբ, իր երազած կազմվածքից շատ ավելի նիհար է:

Հետազոտության արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրեց «Արաբկիր» բժշկական համալիրի' Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը' փաստելով, որ աղջիկների շրջանում տարածված այդօրինակ բարդույթը հետեւանքն է նրանց առօրյայի: «Հարցված աղջիկները մեծամասամբ պատասխանել են, որ տանը լրացուցիչ պարապում են 4-5 ժամ, եթե գումարենք դպրոցում անցկացրած մոտ 5 ժամը, ստացվում է, որ նրանք օրական տասը ժամ մտավոր ծանրաբեռնվածությամբ են անցկացնում»,-բացատրեց Ս. Սարգսյանը' նշելով նաեւ մասնակիցների անցկացրած 3-4 ժամերը հեռուստացույցի առաջ, ինչի արդյունքում էլ այլ զբաղմունքի ժամանակ ընդհանրապես չի մնում:

Իրենց առողջական վիճակը հարցվածների երեք չորրորդն է լավ կամ գերազանց համարել: 6 տոկոսը նշել է, որ հաճախակի գլխացավերով է տառապում, այդ թվում' մի մասը' ամենօրյա, տարածված պատասխան է եղել փորացավը: «Ամենաբարձրը նյարդայնության ցուցանիշն է' 50 տոկոս»,-ցավով նշեց հետազոտության կազմակերպիչը:

Հարցաշարը կազմվածէ եղել 222 հարցից. այն Հայաստանի դեռահասների շրջանում իրականացված ամենախորը հետազոտությունն է: Հարցերի մի մասն էլ վերաբերել է սեռական առողջությանը: 15 տարեկանից բարձր տղաների 40 տոկոսը եւ աղջիկների 3 տոկոսը պատասխանել են, որ ապրել են սեռական կյանքով: «Իհարկե պետք է հաշվի առնել, որ տղաների մի մասը գլուխ է գովել, աղջիկների մի մասն էլ իրականությունն է թաքցրել»,-ասաց նա' այդուհանդերձ հիշեցնելով, որ 5 տարի առաջ այդ պատկերը եղել է 20 եւ 1 տոկոսանոց:

Իսկ ծնողների հետ շփվելու դյուրության հարցի արդյունքները կազմակերպիչներին շատ է զարմացրել, քանի որ այն եվրոպական երկրների վատթարագույն ցուցանիշից էլ ցածր է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում