Տ. Սարգսյան.« Մինչ 2020 թվականը մեզ կհաջողվի ստեղծել ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան որակյալ եւ մրցունակ կրթական համակարգ»
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երեւանի պետական համալսարանում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը եւ տնտեսությունը բուհերում.ինտեգրում միջազգային կրթական տարածքումե թեմայով միջազգային գիտական եռօրյա գիտաժողովի բացմանը: Գիտաժողովին մասնակցում են 120 պատվիրակներ Հայաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, Կանադայից, Ռուսաստանից, Ղազախստանից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նպատակն է'դիտարկել ոլորտում առկա խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղղությունները:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին' Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեր երկրի տնտեսության ապագան տեսնում է մարդկային ներուժի զարգացման եւ մրցունակ քաղաքացիական հասարակության կայացման մեջ: Վարչապետի խոսքով' անցած 20 տարիների ընթացքում մեր երկրի համար կրթական ոլորտի զարգացումը եղել է ծրագրային առաջնահերթությունների թվում եւ ոլորտում իրականացվող բարեփոխումների նպատակը կրթական համակարգի բարելավումն ու զարգացումն է:
Փոխհամագործակցության միջոցով միջազգային կրթական շրջանակներին ինտեգրվելը համարելով կարեւոր հանգամանք' գործադիրի ղեկավարը նշել է, որ դա անհրաժեշտ է մրցունակ կրթական համակարգի ստեղծման եւ զարգացման համար, որն ունակ կլինի հասարակությանը տալ տնտեսական համակարգի պահանջներին համապատասխանող որակյալ կադրեր: «Մենք պետք է գիտակցենք, որ բոլորս միջազգային սոցիալ-մշակութային համակարգի մասն ենք կազմում եւ կրթական ոլորտում համագործակցությունը հանդիսանում է ժողովրդավարական պետության խաղաղ եւ կայուն զարգացման կարեւոր գործոններից մեկը»,- ասել է նա:
Նշելով, որ որակյալ եւ մատչելի կրթության ապահովման պատասխանատուն կառավարությունն է, Տիգրան Սարգսյանն ասել է, որ ներկայում գործադիրը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները' պետական եւ մասնավոր կրթական հաստատություններին հավասար հնարավորություններ տրամադրելու համար: Նրա խոսքով' կրթական համակարգի զարգացումը պետք է լինի ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլեւ քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում:
«Վստահ ենք, որ մինչ 2020 թվականը մեզ կհաջողվի ստեղծել որակյալ եւ մրցունակ կրթական համակարգ՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Սրա հետ մեկտեղ, մենք հույս ունենք դառնալ եվրոպական կրթական համակարգի արժանի գործընկերը: Վստահ եմ, որ այս կոնֆերանսը թույլ կտա նորովի դիտարկել կրթական ոլորտի խնդիրները, պահանջներն ու զարգացման հնարավորությունները», - ասել է վարչապետը: